Ադրբեջանը թքած ունի սեփական կորուստների վրա

Իլհամ Ալիևը իր թվիթերի պաշտոնական էջում գրել է, որ 2016թ.-ին Ադրբեջանում գրանցվել են լավագույն ցուցանիշները տնտեսության համար:

Սակայն երկրում շարունակում են բարձրանալ գները, հարյուր հազարավոր մարդիկ գործազուրկ են, պետական բյուջեն 2007 թվականի համեմատությամբ բավականին կրճատվել է: Այնտեղ օրեցօր խորանում է ճգնաժամը, բնակչությունը կանգնած է սոցիալական աղետի առաջ, քանի որ իշխանությունները կոռումպացված են, տնտեսությունը գրեթե ամբողջովին մոնոպոլիզացված, իսկ կառավարությունը չի իրականացնում բարեփոխումներ:

Ադրբեջանական սոցցանցերում դժգոհում են, որ բոլոր պաշտոնյաները, այդ թվում և ԱԱՆ-ի (ազգային անվտանգության նախարարություն) միմիյանց հետ պայքարում են ժողովրդից գողանալու և թալանի մրցավազքում: Այսինքն կառավարությունը գիտակցաբար իրականացնում է հանցագործություն սեփական բնակչության ու պետության նկատմամբ: Եվ ինչպես ժողովուրդն է նշում, նման համակարգում, որն ամբողջությամբ թափոնների ձեռքում է, արժանապատիվ մարդը չի կարող հաջողություն ունենալ:

Սոցցանցերում դժգոհում են նաև, որ ադրբեջանական իշխանությունները մոռացության են մատնել պատերազմում զոհվածների և հաշմանդամների ընտանիքներին:

Իլհամ Ալիևը Աղդամի այն տարածքներում, որոնք մնացել են Ադրբեջանի վերահսկողության տակ, մասնավորապես Գուզանլըյում բացելով Հեյդար Ալիևի կենտրոնը, իսկ Թարթարում՝ Յենի Ազերբայջան կուսակցության շրջանային կազմակերպության նոր գրասենյակը, նպատակ է ունեցել նյարդայնացնել հայերին, սակայն իրականում բարկացրել է սեփական ժողովրդին:

Բնակչությունը դժգոհում է, որ կառավարությանը չի անհանգստացնում այն, որ գազի, լույսի, հողի գները բարձրացել են: Կառավարությանը չի մտահոգում, որ բնակչությունը օր օրի մոտենում է ծայր աստիճան աղքատության շեմին, որ պատերազմին մասնակցած վիրավորները բուժման հնարավերություն չունեն, իսկ զոհվածների ընտանիքները զրկված են տներից: Գլխավոր մտահոգությունն այն է, որ Հեյդար Ալիևի հուշարձանը, թանգարանը, կենտրոնական այգին ամենուր լինեն: Այսպիսի կարևոր գործերի համար իշխանությունը ամեն պահի գումար ունի:

Այս ամենը ցույց է տալիս, որ Ադրբեջանը մի կողմից, միայն Եվրոպայի ֆուտբոլի առաջնության խաղերը հովանավորելով 120 միլիոն մանաթ ծախսող, Եվրոպայում թանգարան վերանորոգող, ամրոց փնտրող, 1200 հոգանոց նաֆթային մագնատի համար ճաշկերույթ կազմակերպող շռայլ իշխանություն է, իսկ մյուս կողմից 25 տարի ձեռքերը ծալած և տան իրենց հերթին սպասող զոհվածների ընտանիքների և պատերազմում անտուն ու ծերացող մասնակիցների երկիր է:

Արմինե ԲԱԴԱԼՅԱՆ

 

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում