ԱՄՆ-ում կյանքի տեւողությունը 20 տարվա ընթացքում առաջին անգամ նվազել է

ԱՄՆ-ում կյանքի սպասվող տեւողությունն ավելի քան 20 տարվա ընթացքում առաջին անգամ նվազել է: Վերջին անգամ կյանքի տեւողությունը նվազել էր, երբ երկրում ՄԻԱՎ-ի համաճարակը գագաթնակետին էր հասել, նշել է France-Presse-ը: Բժշկական վիճակագրության ազգային կենտրոնը տվյալներ է հրապարակել 2015 թվականին երկրում մահացության տվյալների վերաբերյալ, տեղեկացնում է «Արմենպրես»-ը:

ԱՄՆ-ում կյանքի սպասվող տեւողությունը կազմել է 78,8 տարի. միջին հաշվով այդքան պետք Է ապրի 2015 թվականին ծնված երեխան: 2014 թվականին ցուցանիշը կազմել էր 78,9 տարի:

Տղամարդկանց համար կյանքի տեւողությունը 76,5 տարուց իջել է մինչեւ 76,3 տարի, իսկ կանանց համար՝ 81,3-ից մինչեւ 81,2 տարի:

Ամերիկացիների մահվան ամենատարածված պատճառ են դարձել սիրտանոթային հիվանդությունները. դրանցից միջին հաշվով մահանում է 100 հազար բնակիչներից 168,5-ը: Այնուհետեւ գալիս են ուռուցքաբանական եւ շնչուղիների խրոնիկական հիվանդությունները:

Անցյալ տարի ԱՄՆ-ում ավելացել է մահացությունը գործնականում բոլոր պատճառներից, բացի ուռուցքաբանական հիվանդություններից (մակարդակն իջել է) եւ ինքնասպանություններից (մնացել է անփոփոխ):

Ավելի շատ ամերիկացիներ են սկսել մահանալ դժբախտ դեպքերի, ինսուլտների, շաքարախտի, Ալցհայմերի հիվանդության հետեւանքով եւ այլ պատճառներից: Ամբողջությամբ վերցված 2015 թվականին մոտավորապես 86 հազարով ավելի մարդ է մահացել, քան 2014 թվականին:

Հետևեք մեզ նաև Telegram-ում