ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան քննարկելու է Սիրիայում մարտական գործողությունների դադարեցումը

ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան դեկտեմբերի 9-ին լիագումար նիստ կանցկացնի Սիրիայի իրադրության շուրջ, որը ընթացքում քննարկելու է բանաձեւի նախագիծ, որով պահանջվում Է անհապաղ դադարեցնել մարտական գործողությունները երկրում, ինչպես նաեւ կոչ է արվում Անվտանգության խորհրդին՝ միջոցներ ձեռնարկել հակամարտությանը վերջ դնելու համար, տեղեկացնում է «Արմենպրես»-ը: Ինչպես լրագրողներին հայտնել է Գլխավոր ասամբլեայի 71-րդ նստաշրջանի նախագահի մամուլի քարտուղար Դեն Թոմասը, հանդիպումը պլանավորված է Նյու Յորքի ժամանակով ժամը 10:00-ին (Երեւանի ժամանակով ժամը 19:00-ին):

Փաստաթուղթը քննարկման է դրվում այն բանից չորս օր անց, երբ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում չընդունվեց Հալեպում 7-օրյա հրադադար նախատեսող բանաձեւի նախագիծը: Տեքստի ընդունումը, որի օգտին քվեարկեց 11 երկիր, արգելափակվեց Ռուսաստանի եւ Չինաստանի կողմից:

Բանաձեւի նախագիծը, որի պատրաստմամբ զբաղվել են Կանադան, Կոստա Ռիկան, Նիդեռլանդները եւ Ճապոնիան, սիրիական հակամարտության կողմերից պահանջում է «անհապաղ դադարեցնել մարտական գործողությունները» եւ հարձակումները խաղաղ բնակիչների վրա, ինչպես նաեւ ՄԱԿ-ի գործակալություններին եւ հումանիտար բոլոր կազմակերպություններին «անվտանգ, մշտական, անարգել ու անվերապահ» մուտք ապահովել Սիրիայի բոլոր շրջանների բնակիչներին օգնություն ցուցաբերելու համար, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում