Մահացել է ԱՄՆ-ի լեգենդար աստղանավորդ Ջոն Գլենը

ԱՄՆ-ում կյանքի 96-րդ տարում մահացել է լեգենդար աստղանավորդ Ջոն Գլենը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է«Արմենպրես»-ը, դեկտեմբերի 8-ին հայտնել է The Columbus Dispatch-ը: 1962 թվականին նա տիեզերքի նվաճման ամերիկյան պատմության մեջ առաջին անգամ կատարել է ուղեծրային թռիչք:

Գլենը մահացել է Օհայոյի նահանգի Կուլումբոսի հիվանդանոցներից մեկում՝ ընտանիքի շրջապատում:

1959 թվականին Ջոն Գլենն ընդգրկվել էր ամերիկացի աստղանավորդների առաջին յոթնակում, որը դեպի տիեզերք թռիչքների էր պատրաստվում «Մերկուրի» ծրագրով: Նա դարձել է առաջին ամերիկացին եւ աշխարհում երրորդ մարդը (Յուրի Գագարինից եւ Գերման Տիտովից հետո), որն ուղեծրային տիեզերական թռիչք է կատարել: 1962 թվականի փետրվարին նա երեք պտույտ է կատարել Երկրագնդի շուրջը՝ դրա համար ստանալով ԱՄՆ-ի ազգային հերոսի տիտղոս:

Իր երկրորդ թռիչքը նա կատարել է 36 տարի անց՝ 1998 թվականին՝ «Դիսքավերի» տիեզերանավով: Մինչ այդ լրացել էր Գլենի 77 տարին, այդպիսով նա դարձել է պատմության մեջ ամենատարեց մարդը, որը եղել է տիեզերքում, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում