Մեյի եւ Ջոնսոնի հարաբերությունները վատացել են Էր Ռիադի հասցեին վերջինիս քննադատությունից հետո

Սաուդյան Արաբիայի հասցեին Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարար Բորիս Ջոնսոնի արած հայտարարությունները նկատելիորեն վատացրել են նրա հարաբերությունները Թերեզա Մեյի հետ: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, հայտնել է The Daily Telegraph թերթը: Հրատարակությունը նշում է, որ Ջոնսոնի եւ Մեյի հարաբերությունները փչացել են այն բանից հետո, երբ վարչապետը նրան դիտողություն է արել այն հայտարարության կապակցությամբ, թե Սաուդյան Արաբիան հիբրիդային պատերազմներ է հրահրում Մերձավոր Արեւելքում: Հաղորդագրության մեջ նաեւ ասված է, որ Մեյի պաշտոնական ներկայացուցիչը հրապարակավ վարչապետին սահմանազատել է նրա արտաքին գործերի նախարարից՝ ասելով, որ Սաուդյան Արաբիայի վերաբերյալ նրա մեկնաբանությունը չի արտացոլում կառավարության դիրքորոշումը:

Նյութում նշվում է, որ կառավարությունում եւ խորհրդարանում Ջոնսոնի կողմնակիցները դատապարտել են վարչապետի դիվանատան վերաբերմունքը ԱԳ նախարարության ղեկավարի նըատմամբ՝ այն բնութագրելով որպես «նախարաների կաբինետի անդամի արժանապատվությունը նսեմացնելու փորձ»:

Ինչպես ավելի վաղ տեղեկացրել է The Guardian-ը, Ջոնսոնն իր երկրի դաշնակից Սաուդյան Արաբիային մեղադրել է Մերձավոր Արեւելքում պատերազմներ հրահրելու մեջ: Հրատարակության տրամադրության տակ հայտնվել է Հռոմում քաղաքական գործիչների հետ Ջոնսոնի զրույցի ձայնագրությունը, որի ընթացքում նա խախտել է մերձավոր դաշնակիցներին չքննադատելու բրիտանական դիվանագիտության վաղեմի կանոնը:

Ջոնսոնը հայտարարել է, որ Սաուդյան Արաբիան եւ Իրանն իրենց պահում են ինչպես տիկնիկավարներ՝ միջնորդավորված մասնակցելով Մերձավոր Արեւելքի հակամարտություններին: Նա դա բացատրել է տարածաշրջանում ուժեղ առաջնորդի բացակայությամբ, որի ազդեցությունը դուրս կգար սուննի կամ շիա համայնքների սահմաններից:

«Կան քաղաքական գործիչներ, որոնք խեղաթյուրում են կրոնը եւ նույն կրոնի տարբեր ուղղությունները հանուն սեփական քաղաքական նպատակների»,- հայտարարել է Ջոնսոնը: Հայտարարությունը հնչել է այն բանից քիչ անց, երբ Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյը վերադարձել է Պարսից ծոցի երկրներ աշխատանքային ուղեւորությունից, որտեղ նա հանդիպումներ է ունեցել Սաուդյան Արաբիայի, Արաբական Միացյալ Էմիրությունների, Քաթարի, Բահրեյնի եւ Օմանի ղեկավարների հետ, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում