Հարավային Կորեայի խորհրդարանը քվեարկեց երկրի նախագահի պաշտոնազրկման օգտին

Հարավային Կորեայի խորհրդարանի պատգամավորները դեկտեմբերի 9-ին քվեարկել են երկրի նախագահ Պակ Կըն Հեի պաշտոնազրկման օգտին: «Կողմ» Է արտահայտվել 234 պատգամավոր, «դեմ»՝ 56-ը, երկուսը ձեռնպահ են մնացել, եւս ութ ձայն անվավեր է ճանաչվել: Խորհրդարանում ներկա են եղել բոլոր 300 պատգամավորները:

Նախօրյակին ընդդիմադիր կուսակցությունները համապատասխան օրինագիծ էին ներկայացրել պատգամավորների քննարկմանը: Որպեսզի իմպիչմենտը կայանար, անհրաժեշտ էր, որ դրա օգտին քվեարկեր Ազգային ժողովի առնվազն 200 պատգամավոր:

Պակ Կըն Հեի լիազորություններն անհապաղ կկասեցվեն: Իշխանությունից նախագահի վերջնական հեռացման գործընթացը կավարտվի այն բանից հետո, երբ քվեարկության արդյունքները հաստատի Սահմանադրական դատարանը: Օրենքով այդ գործընթացին հատկացվում է մինչեւ վեց ամիս: Այդ ընթացքում երկիրը կառավարելու է վարչապետ Հվան Գյո Անը: Սահմանադրական դատարանի կողմից համապատասխան որոշման ընդունումից հետո Կորեայի Հանրապետությունում կանցկացվեն վաղաժամկետ նախագահական ընտրություններ:

Նոյեմբերի վերջին Հարավային Կորեայի նախագահ Պակ Կըն Հեն, որի շուրջ կոռուպցիոն սկանդալ Է ծավալվել, հայտարարել է, որ իր հետագա ճակատագիրը պետք է վճռի երկրի խորհրդարանը: Ազգին հղած հեռուստաուղերձում նա ներողություն է խնդրել տեղի ունեցածի համար եւ ընդգծել, որ անհրաժեշտության դեպքում պատրաստ է պաշտոնաթող լինել մինչեւ 2018 թվականին նախագական ժամկետի ավարտը:

Ավելի վաղ դատախազությունը նախագահի օգնական Չխվե Սուն Սիլին մեղադրել Է այն բանում, որ նա անօրինականորեն ստիպում էր խոշոր բիզնեսին բազմամիլիոնանոց նվիրատվություններ անել իր հետ կապված ոչ կառավարական հիմնադրամներին: Նոյեմբերի 20-ին Չխվե Սուն Սիլին պաշտոնական մեղադրանքներ են առաջադրվել իշխանության չարաշահման եւ լիազորությունների վերազանցման համար:

Սահմանադրությանը համապատասխան, դատախազությունը չի կարող քրեական մեղադրանքներ ներկայացնել հանրապետության գործող նախագահին, քանի որ նա օժտված է անձեռնմխելիությամբ, սակայն գերատեսչությունը հայտարարել է կոռուպցիոն սկանդալին Պակ Կըն Հեի մեղսակցության մասին:

«Երկիրը ցնցած սկանդալի մի քանի շաբաթ տեւած ինտենսիվ հետաքննությունից հետո քննիչները եկան այն եզրակացության, որ Պակ Կըն Հեն անմիջականորեն խառն է դրան»,- հարավկորեական դատախազության ներկայացուցչի խոսքը մեջբերել է «Յոնհապ» գործակալությունը, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում