Ստաֆան դե Միստուրան առաջարկել է վերսկսել միջսիրիականի բանակցությունները

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի՝ Սիրիայի խնդրով հատուկ պատվիրակ Ստաֆան դե Միստուրան այն կարծիքին է, որ եկել է Դամասկոսի եւ ընդդիմության միջեւ բանակցությունների հնարավոր վերսկսման շուրջ խորհրդածելու ժամանակը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, նա հայտարարել է՝ ամփոփելով համաշխարհային կազմակ երպության Անվտանգության խորհրդի փակ հանդիպման արդյունքները: Ընդ որում՝ ՄԱԿ-ի հանձնակատարը բանակցությունների սեղանի շուրջ հակամարտության կողմերի վերադառնալու որեւէ ժամկետ չի նշել:

«Այժմ, հնարավոր է՝ եկել է բանակցությունների վերսկսման հնարավորությունն ուսումնասիրելու ժամանակը, տեսնելու՝ երբ եւ ինչպես մենք կկարողանանք քաղաքական հանդիպումներ անցկացնել»,- ասել է նա: Դե Միստուրայի խոսքով՝ որպեսզի դա հնարավոր լինի, Սիրիայի կառավարության ներկայացուցիչներից պետք է ազդանշան ստացվի այն մասին, որ նրանք պատրաստ են գալ Ժնեւ եւ «բովանդակային երկխոսություն վարել ՄԱԿ-ի ԱԽ-ի 2254 բանաձեւին համապատասխան»: Իր հերթին ընդդիմությունը «չպետք է հրաժարվի» քննարկումներից մասնակցելուց, նշել է դե Միստուրան, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում