«Ֆուկուսիմա-1»-ում վթարի հետեւանքների վերացման ծախսերը կաճեն մինչեւ 190 մլրդ դոլար

Ճապոնիայի «Ֆուկուսիմա-1» ատոմակայանում վթարի հետեւանքների վերացման եւ տուժած ու տարահանված բնակիչներին փոխհատուցումների վճարման ծախսերը նախորդ հաշվարկների համեմատությամբ կրկնակի կաճեն եւ կկազմեն 21,5 տրիլիոն իեն (ընթացիկ փոխարժեքով 189,5 միլիարդ դոլար): Այս մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, ասված է Ճապոնիայի Էկոնոմիկայի, առեւտրի եւ արդյունաբերության նախարարության՝ դեկտեմբերի 9-ին հրապարակված զեկույցում

Գերատեսչության գնահատումներով՝ 8 տրիլիոն իեն (70,5 միլիարդ դոլար) կծախսվի շահագործումից ռեակտորները լիովին դուրս բերելու եւ վթարի հետեւանքները վերացնելու համար: Մոտավորապես նույնքան գումար կտրամադրվի ողբերգության հետեւանքով տուժածներին եւ տարահանվածներին, այդ թվում՝ այն ձեռնարկիչներին եւ տուրիստական ընկերություններին փոխհատուցումների վճարմանը, որոնք զրկվել են իրենց բիզնեսից: Մնացած միջոցները ենթադրվում է ծախսել հողի վարակազերծման եւ ճառագայթաակտիվ մնացուկների պահեստարանների կառուցման համար:

«Ֆուկուսիմա-1» ատոմակայանում վթարը տեղի է ունեցել 2011 թվականի մարտին, երբ ցունամիի հարվածի հետեւանքով կայանում շարքից դուրս եկան Էներգամատակարարման եւ հովացման համակարգերը: Դրա հետեւանքով երեք Էներգաբլոկներում տեղի ունեցավ վառելիքի հալում, որն այրեց ռեակտորների պաշտպանիչ պատյանները, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում