Վահրամ Բաղդասարյանը դատապարտում է փորձառու քաղաքական գործչի և վատ տպավորություն չթողած լրագրողի միջև միջադեպը

Ազգային ժողովի ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը դատապարտելի է համարում ավարտված քառօրյայի ընթացքում պատգամավոր Ռուբիկ Հակոբյանի և լրագրող Վահե Մակարյանի միջև գրանցված միջադեպը: Ազգային ժողովում խորհրդարանական ճեպազրույցների շրջանակներում լրագրողների հետ հանդիպմանը պատգամավորն ընդգծեց, որ հատկապես դատապարտելի է, որ նման միջադեպ տեղի է ունենում բավականին փորձառու, երկար ճանապարհ անցած քաղաքական գործչի և լրագրողի միջև, ով, կարծես, վատ տպավորություն չի թողել: «Համենայնդեպս, նման միջադեպերը պետք է կանխվեն, հարկավոր է ձեռնպահ մնալ նման միջադեպերից»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նշեց Բաղդասարյանը:

Նա հավելեց, որ լրագրողները, քաղաքական գործիչները պետք է զգոն լինեն, որպեսզի հնարավոր լինի կանխել նման միջադեպերը: «Իսկ այս միջադեպի պարագայում ոչ միայն պատգամավոր և լրագրող հարաբերություններ էին, այլ նաև հայր և որդու տարիքային տարբերություն կար, և ցավալի է, որ նման միջադեպ է գրանցվում այդ մարդկանց միջև»,- եզրափակեց Բաղդասարյանը:

Ազգային ժողովի քառօրյայի ընթացքում հերթական տհաճ միջադեպն է գրանցվել պատգամավորի և լրագրողի միջև: Պատգամավոր Ռուբիկ Հակոբյանը լրագրողների հետ ճեպազրույցի ընթացքում կոնֆլիկտի մեջ էր մտել «Հրապարակ» օրաթերթի լրագրող Վահե Մակարյանի հետ, նրան հրավիրել էր առանձնազրույցի և հարվածել էր նրա աչքին: Դրանից հետո Ռուբիկ Հակոբյանը հանդես եկավ հայտարարությամբ, ներողություն խնդրեց խորհրդարանից, որ միջադեպից հետո սոցիալական կայքերում և լրատվամիջոցներում խորհրդարանի հասցեին քննադատություններ են հնչել իր՝ խորհրդարանականին ոչ հարիր պահվածքի համար: Ռուբիկ Հակոբյանը, սակայն, իր արարքի համար լրագրողից ներողություն չի խնդրել, ավելին՝ հանդես է եկել լրագրողի հասցեին որակումներով:

Հետևեք մեզ նաև Telegram-ում