Իրանը եւ Վենեսուելան համաձայնության են եկել ՕՊԷՔ-ի գագաթնաժողով գումարելու շուրջ

Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոն եւ Իրանի նրա պաշտոնակից Հասան Ռոուհանին համաձայնության եկել ՕՊԷՔ-ի անդամների եւ այդ կազմակերպության մեջ չմտնող երկրների պետությունների եւ կառավարությունների ղեկավարների գագաթնաժողով անցկացնել 2017 թվականի առաջին եռամսյակում, տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ հղում անելով Reuters գործակալությանը:

«Ես (Իրանի նախագահ) Ռոուհանիին առաջարկեցի միասին պետությունների եւ կառավարությունների ղեկավարների գագաթնաժողով գումարել 2017 թվականի առաջին եռամսյակում՝ նավթի շուկայի եւ նավթի գների կայունացման նոր մեխանիզմ սահմանելու համար, եւ մենք պայմանավորվեցինք անել դա»,- հայտարարել է Մադուրոն: Սակայն նա «նոր մեխանիիզմի» մանրամասնությունները չի բացահայտել:

Ավելի վաղ Ռոուհանին հայտարարել է, որ ՕՊԷՔ-ի անդամները պետք է միասին աշխատեն, որպեսզի ապահովեն նավթի շուկայի կայունացման՝ նոյեմբերին ձեռք բերված համաձայնության կատարումը:

Նոյեմբերի 30-ին ՕՊԷՔ-ի նիստն ավարտվել է նավթահանույթի կրճատման՝ երկար սպասված համաձայնության կնքմամբ: Գործարքի համաձայն՝ հունվարից կարտելի անդամները նավթի արտադրությունը կկրճատեն օրական 1,2 միլիոն բարելով՝ մինչեւ 32,5 միլիոն բարել:

Համաձայնությունը ենթադրում է ՕՊԷՔ-ի մեջ չմտնող երկրների կողմից հանույթի կրճատում օրական 600 հազար բարելով: Կազմակերպության մեջ չմտնող երկրների հետ հանդիպումը կկայանա դեկտեմբերի 10-ին Վեննայում: ՕՊԷՔ-ը հանդիպման է հրավիրել 14 երկրների, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Հետևեք մեզ նաև Telegram-ում