Արցախի ՄԻՊ-ը ներկայացրել է Ադրբեջանի պատերազմական հանցագործությունների վերաբերյալ նոր զեկույցը

Արցախի մարդու իրավունքների պաշտպան Ռուբեն Մելիքյանը դեկտեմբերի 9-ին հրապարակել է նոր զեկույցը, որում ներկայացված են ապրիլին Ադրբեջանի սանձազերծած պատերազմական գործողությունների ընթացքում ադրբեջանական զինված ուժերի կողմից թույլ տրված դաժանությունների և միջազգային իրավունքի կոպիտ խախտումների փաստերը:

«Զեկույցում խոսվում է հանցակազմերի սահմանման մասին` հիմնված միջազգային իրավունքի վրա, ներկայացվում են վայրագությունների փաստերը, պատասխանատվության հարցերն ու արված են համապատասխան եզրահանգումներ»,- ներկայացրեց օմբուդսմենը:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, Արցախի մարդու իրավունքների պաշտպանի նոր զեկույցում անդրադարձ է կատարվում երեք պատերազմական հանցագործությունների` խոշտանգում, մահվամբ պատժում (execution) և մարմինների անարգում:

«Առաջին հանցակազմը խոշտանգումն է: Այն վերաբերում է անձին ֆիզիկական կամ հոգեկան ցավ պատճառելուն: Հաջորդ հանցակազմը թարգմանել ենք «մահվամբ պատժում»: Սա պարզապես միջազգային հումանիտար իրավունքով սահմանվող սպանությունը չէ: Խոսքը վերաբերում է քաղաքացիական անձանց, ինչպես նաև շարքից դուրս եկած, դիմադրելու ունակությունը կորցրած զինծառայողներին: Սա մեր հիմնավորումներով հենց մահվան պատիժ է հայ լինելու համար: Սա հիմնված է մեր առաջին զեկույցի վրա, որտեղ հստակ ներկայացնում ենք հայատյացության փաստերը` որպես ամուր հիմքերի վրա դրված պետական քաղաքականության արդյունք, որը հասարակության մեջ հետևանքների է հանգեցրել:

Երրորդ հանցակազմը մարմինների անարգումն է: Առաջին երկու հանցակազմերը հստակորեն սահմանված են Ժնևյան կոնվենցիաներով, որոնց անդամակցում է նաև Ադրբեջանը, իսկ մարմինների անարգման հանցակազմը միջազգային սովորութային իրավունքի դրսևորում է, և մենք հիմնավորում ենք, որ այդ իրավունքի կանոնները կիրառելի են Ադրբեջանի նկատմամբ»,- նշեց Ռուբեն Մելիքյանը:

Նա հայտնեց, որ առանձին ներկայացվում են Ադրբեջանական զինված ուժերի կարճաժամկետ կամ երկարաժամկետ հսկողության ներքո հայտնված ընդհանուր թվով 31 անձանց կամ նրանց մարմինների նկատմամբ ադրբեջանական զինված ուժերի վարքագծին վերաբերող հարցերը: Ներկայացվում են նրանցից յուրաքանչյուրի մահվան հանգամանքները, Ադրբեջանի հսկողության տակ հայտնվելու և նրանց մարմիններն Արցախի հսկողությանը վերադարձվելու հանգամանքները, ինչպես նաև նրանց նկատմամբ ադրբեջանական զինված ուժերի կողմից կիրառված դաժանությունները: Նշված փաստերը ներկայացվում են երեք աշխարհագրական ուղղություններով` յոթ առանձին միջադեպերերով:

«Վայրագությունների փաստերը ներկայացրել ենք երեք ուղղություններով` Թալիշ, որտեղ այժմ գտնվում ենք, հյուսիս-արևելյան կամ Սեյսուլան, և հարավային կամ Լելե թեփե ուղղությամբ: Մենք յուրաքանչյուր ուղղության հետ կապված փաստերը քննարկում ենք ըստ միջադեպերի: Հյուսիսում ունենք 4 միջադեպ, Սեյսուլիանի ուղղությամբ` 1 և հարավային ուղղությամբ երկու միջադեպ»,– նշեց Արցախի օմբուդսմենը:

Խոսելով զեկույցում ներկայացված փաստերի հիման վրա արված հետևությունների մասին` Մելիքյանն ասաց. «Ադրբեջանի հսկողության ներքո հայտնված քաղաքացիական անձինք և զինծառայողները ողջ չեն մնացել: Նրանց սպանությունները ենթադրաբար եղել են մահապատիժ հայ լինելու համար: Ադրբեջանական հսկողության ներքո հայտնված 31 անձից 27-ը` մոտ 90 տոկոսը, խոշտանգվել են, պատժվել են մահվամբ կամ նրանց մարմիններն անարգվել են: Ադրբեջանի հսկողության ներքո հայտնված բոլոր 3 քաղաքացիական անձինք գնդակահարվել են և նրանց մարմինները ենթարկվել են անարգման: ԼՂ ՊՆ երեք զինծառայող գլխատվել է, երկուսը հետմահու, մեկը` ողջ եղած ժամանակ: Ամենատարածված ռազմական հանցագործությունը, որն արձանագրել ենք, մարմինների անարգումն է, որոնցից 21-ը վերաբերում է անթույլատրելի վարքագծին: Խոշտանգման հինգ դեպք ունենք, որոնք վերաբերում են բոլոր երեք ուղղություններին»:

Զեկույցի հետևությունները հիմնված են ինչպես Արցախում իրականացվող քրեական վարույթի նյութերի, Արցախի մարդու իրավունքների պաշտպանի և աշխատակազմի կողմից անմիջականորեն ընկալված փաստերի, այնպես էլ ադրբեջանական աղբյուրներում հրապարակված նյութերի վրա:

Զեկույցում նաև անդրադարձ է կատարվում հանցանք կատարածների և նրանց հրամանատարության իրավական պատասխանատվության հարցերին, ինչպես նաև ներկայացված փաստերը քննելու և մեղավորներին պատասխանատվության ենթարկելու` Ադրբեջանի միջազգային-իրավական պարտավորությանը:

«Խոսելով եզրահանգումների մասին` նշեմ, որ ապրիլյան պատերազմի ընթացքում Ադրբեջանի ԶՈՒ-ը կատարել են խոշտանգման, մահվան պատժման և մարմինների անարգման պատերազմական հանցագործություններ, և դրանք կրել են համակարգված և կազմակերպված բնույթ, քանի որ կատարվել են Ադրբեջանի ԶՈՒ բոլոր ստորաբաժանումների կողմից: Մենք սա հնչեցնում ենք որպես ահազանգ միջազգային հանրության համար: Ներկայացված խախտումները պետք է որոշակի արձագանքի արժանանան միջազգային կառույցների կողմից»,– հայտարարեց Արցախի ՄԻՊ-ը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում