Հալեպում մարտական գործողությունները կշարունակվեն, քանի դեռ զինյալներն այնտեղից չեն հեռացել. Լավրով

Արեւելյան Հալեպում մարտական գործողությունները հումանիտար դադարից հետո կշարունակվեն այնքան ժամանակ, քանի դեռ զինյալներն այնտեղից չեն հեռացել. այժմ լավ հնարավորություն կա ԱՄՆ-ի հետ համաձայնության գալ սիրիական այդ քաղաքի իրադրության շուրջ, եթե ամերիկացիները կրկին չմտքափոխվեն: Այդ մասին, ինչպես տեղեկացնու մ է «Արմենպրես»-ը, հայտարարել է ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը:

«Դրանք (մարտական գործողությունները) կշարունակվեն ու կշարունակվեն այնքան ժամանակ, քանի դեռ ելուզուկները չեն հեռացել Արեւելյան Հալեպից: Դա բոլորին արդեն հասկանալի է, դա հասկանալի է ամերիկացի մեր գործընկերներին»,- ասել է նախարարը՝ մամուլի ասուլիսում ամփոփելով ԵԱՀԿ-ի ԱԳ նախարարների խորհրդի հանդիպման արդյունքները:

«Եթե մենք ցանկանայինք սպասել Օբամայի վարչակազմի հեռանալուն, ապա ես չԷի շփվի իմ գործընկեր Ջոն Քերիի հետ: Մենք նրա հետ երեկ եւ դրա նախորդ օրն անձամբ շփվել ենք երեք անգամ եւ չորրորդ անգամ՝ հեռախոսով»,-պատասխանել է նա արեւմտյան ԶԼՄ-ների այն հաղորդումների վերաբերյալ հարցին, թե Ռուսաստանը չի պատրաստվում ԱՄՆ-ի հետ Սիրիայի շուրջ համաձայնության գալ նախքան ԱՄՆ-ի նոր նախագահ Դոնալդ Թրամփի պաշտոնակալությունը:

«Մենք պայմանավորվեցինք, որ վաղը Ժնեում կհանդիպեն մեր փորձագետները: Եթե ամերիկացի փորձագետները դարձյալ չմտքափոխվեն, ինչպես որ նրանք մտքափոխվեցին մի քանի օր առաջ, եւ ինչ-որ նոր բան չդնեն սեղանին, ապա շատ լավ հնարավորություն կա համաձայնության գալու այն բանի շուրջ, թե ինչպես վերջնականապես ավարտել Արեւելյան Հալեպի իրադրության կարգավորումն՝ այնտեղից առանց բացառության բոլոր զինյալների դուրսբերման ճանապարհով: Բայց ես չեմ կարող երաշխավորել, որ կրկին ինչ-որ անակնկալ չի լինի, քանի որ շատ անհասկանալի բաներ կան»,- հայտարարել է Լավրովը, հայ տարարել է ՌԻԱ Նովոստին:

Հետևեք մեզ նաև Telegram-ում