Եղիր հեզ, բանող եզ

Օրերս Վարչապետի հետ հանդիպման ժամանակ հարց է հնչել, թե արդյո՞ք երկար չեն Ամանորի հանգստի օրերը: Կարեն Կարապետյանն էլ համաձայնել է` հավելելով, որ հունվարի 3-ից աշխատանքի անցնելը պետք է լինի օրենքով, իսկ այս տարի օրենքը փոխել այլևս չեն հասցնի: Սակայն հաջորդ տարի հնարավոր է արդեն օրենսդրական փոփոխության արդյունքում հանգստանանք մոտավորապես 3 օր:

Ակամա հիշեցի «Բաղնիքդ անուշ» ֆիլմը, երբ հերոսը հունվարի 1-ին ասում էր, որ վաղվանից վերջանում են տոները: Այո, պետք է աշխատել, քանի որ ինչպես ժամանակին քարոզում էր խորհրդային պրոպագանդան, աշխատանքը գեղեցկացնում է մարդուն: Առաջին քայլերն արդեն արված են՝ վարչապետի հրահանգով այսուհետև բանկերը կաշխատեն նաև կիրակի և տոն օրերին:

Բնավ փույթ չէ, որ քաղաքակիրթ աշխարհը աստիճանաբար անցում է կատարում աշխատանքային օրերի կրճատման, թե՞ մենք քաղաքակիրթ աշխարհին ինտեգրվելու ցանկություն չունենք: Գուցե մենք փորձում ենք նմանվել քաղաքակիրթ աշխարհին միայն վճարումների, հարկերի ու տուրքերի, կոմունալ ծախսերի բարձր սակագների կտրվածքո՞վ: Չէ՞ որ մեր` տարբեր տրամաչափի պաշտոնյաները հաճախ են սիրում կրկնել, որ եվրոպական այս կամ այն երկրում, ենթադրենք, գազի գինը նույնն է, ինչ մեզ մոտ կամ որևէ խախտման համար տուգանքի չափը համապատասխանում է միջազգային տարածված նորմերին:

Եթե մի ուղղությամբ փորձում ենք նմանվել զարգացած հանրությանը, ապա բնավ կարիք չկա մեկ այլ ուղղությամբ վերադարձնենք «աշխատել, աշխատել, աշխատել» կարգախոսը: Երբ փորձում ենք շարժվել դրայվ ռեժիմով, ռեվերսի անհրաժեշտությունը չկա:

Վերջապես մարդը գրաստ չէ, որ օրն ի բուն աշխատի: Աշխատանքը մարդուն անհրաժեշտ է ոչ միայն կարիքներն ու օրվա հացը վաստակելու, այլ նաև կյանքից որոշակի հաճույք ստանալու համար: Առանց այդ էլ Հայաստանում մարդիկ տարվա մեջ միայն մեկ անգամ են լիաթոք ուրախանում, միայն մեկ անգամ են փորձում գոնե մի քանի օր մոռանալ իրենց առօրյա հոգսերի մասին ու ընտանիքի անդամների հետ վայելել թեկուզ խոզի բուդը: Այո, հենց խոզի բուդը: Եթե ոմանք դա համարում են ցածրաճաշակություն, ապա թող փորձեն նրբին ու համադեմ խորտիկներ, դա իրենց իրավունքն է: Բայց դա չի նշանակում, որ իրենց քիմքի նրբաճաշակությունը չափման միավոր է ու այն պետք է լինի էտալոն բոլորի համար: Յուրաքանչյուր մարդ ուրախանում ու հանգստանում է այնպես, ինչպես ցանկանում է կամ կարողանում:

Պետք չէ մարդկանցից խլել իրենց հանգստյան օրերը: Այդ մի քանի օրը ոչինչ չի փոխի մեր տնտեսության զարգացման գործընթացում, առավել ևս, որ տնտեսության զարգացման համար կան բազմաթիվ այլ գործոններ: Մանավանդ, որ հանգստյան օրերի կրճատումը կրկին ծանրանալու է բացառապես այսպես կոչված շարքային քաղաքացիների, միջին ու ցածր օղակների ծառայողների ուսերին, մնացածը կշարունակեն նույն դրայվով վայելել կյանքը: 

Սակայն գուցե լինեն մարդիկ, ովքեր իրոք համարում են, որ աշխատանքը գեղեցկացնում է մարդուն: Խնդրեմ, դա նույնպես իրենց իրավունքն է: Կարող են սրտի ուզածի չափ գեղեցկանալ` նույնիսկ դեկտեմբերի 31-ի լույս հունվարի 1-ի գիշերը:

Կարեն ԿԱՐԱՊԵՏՅԱՆ

Հետևեք մեզ նաև Telegram-ում