ԼՂՀ Ազգային ժողովում ամփոփվել են «Բյուջե-2017»-ի նախնական քննարկումները

ԼՂՀ Ազգային ժողովում դեկտեմբերի 9-ին տեղի է ունեցել ֆինանսաբյուջետային և տնտեսական կառավարման հարցերի մշտական հանձնաժողովի նիստը, որը վարում էր հանձնաժողովի նախագահ Ռուսլան Իսրայելյանը: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ԼՂՀ Ազգային ժողովի մամուլի ծառայությունից:

Ամփոփիչ նիստի ընթացքում քննության են առնվել «ԼՂՀ 2017թ. պետական բյուջեի մասին» ԼՂՀ օրենքի նախագծի փաթեթում ներկայացված մի շարք օրենքների նախագծեր: Մասնավորապես, հարկային դաշտը կարգավորող օրենքների փաթեթը, «Պետական պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին ԼՂՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին» ԼՂՀ օրենքը և ԼՂՀ վերահսկիչ պալատի 2017թ.-ի գործունեության տարեկան ծրագիրը:

Օրինագծերի մասին զեկույցներով հանդես են եկել ԼՂՀ ֆինանսների նախարարի տեղակալներ Գրիգորի Մարտիրոսյանը և Արթուր Հարությունյանը, և ԼՂՀ վերահսկիչ պալատի նախագահ Էռնեստ Ավանեսյանը:

Զեկուցողները պատասխանել և պարզաբանումներ են տվել պատգամավորների առաջադրած հարցերին:

Գլխադասային հանձնաժողովը ներկայացված բոլոր նախագծերը դրական եզրակացությամբ երաշխավորել է չորրորդ նստաշրջանի առաջիկա լիագումար նիստի օրակարգ ընդգրկելու համար:

Հետևեք մեզ նաև Telegram-ում