Կիեւում տեղի է ունեցել հայկական խաչքարի բացման եւ օծման արարողությունը

Կիեւում դեկտեմբերի 9-ին տեղի է ունեցել ուկրաինացի եւ հայ ժողովուրդների անմեղ զոհերի հիշատակին նվիրված հայկական խաչքարի բացման եւ օծման արարողությունը:

Խաչքարի օծումը կատարել է Հայ առաքելական եկեղեցու Ուկրաինայի թեմի առաջնորդ Մարկոս եպիսկոպոս Հովհաննիսյանը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, հայտնել է AnalitikaUA.net-ը՝ հղում անելով Ուկրաինայի հայերի միության մամուլի ծառայությանը:

Խաչքարի բացման արարողությանը մասնակցել են Ուկրաինայում Հայաստանի Հանրապետության դեսպան Անդրանիկ Մանուկյանը, Կիեւի Գոլոսեեւյան շրջանային պետական վարչակազմի նախագահ Նատալյա Բոնդարը, Կիեւի հայ համայնքի նախագահ Նորիկ Գեւորգյանը, Ուկրաինայի ժողովրդական պատգամավորներ, Կիեւի քաղաքային խորհրդի պատգամավորներ, Ուկրաինայի ուղղափառ, հունա-կաթոլիկ եւ Հռոմի կաթոլիկ եկեղեցիների ներկայացուցիչները, Ուկրաինայի մայրաքաղաքի հայտնի հասարակական գործիչներ:

Ուկրաինայի հայերի միության գործադիր տնօրեն Դավիթ Մկրտչյանը միջոցառման մասնակիցներին փոխանցել է կազմակերպության նախագահ Վիլեն Շատվորյանի ողջույնի խոսքերը:

Արարողության ընթացքում Ուկրաինայի հայերի միության «Համայնքի ակտիվ գործիչ» շքանշանով պարգեւատրվել է Կիեւի Գոլոսեեւյան շրջանի հայ համայնքի վարչության անդամ Արայիկ Խաչատրյանը:

Կիեւի Գոլոսեեւյան շրջանի վարչակազմի ղեկավար Նատալյա Բոնդարը, ինչպես նաեւ Կիեւի քաղաքային խորհրդի պատգամավորները եւ Ուկրաինայի մայրաքաղաքի հասարակական գործիչները պարգեւատրվել են պատվոգրերով:

Խաչքարի տեղադրման նախագիծն իրականացվել է Ուկրաինայի հայերի միության, Կիեւի Գոլոսեեւյան շրջանի հայ համայնքի, Ուկրաինայում ՀՀ դեսպանության, Հայ առաքելական եկեղեցու Ուկրաինայի թեմի, ինչպես նաեւ Կիեւի հասարակական կազմակերպությունների համատեղ ջանքերով:

2010 թվականի նոյեմբերին խաչքարերի ստեղծման արվեստն ընդգրկել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի՝ մարդկության ոչ նյութական մշակութային ժառանգության ցուցակում:

Հետևեք մեզ նաև Telegram-ում