Սերժ Սարգսյանն Արցախում այցելել է Պաշտպանության բանակի մի շարք զորամասեր

Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն այցի երկրորդ օրը` դեկտեմբերի 9-ին, ՀՀ Նախագահ, Զինված ուժերի գերագույն գլխավոր հրամանատար Սերժ Սարգսյանը, հայկական երկու հանրապետությունների զինված ուժերի փոխգործակցության շրջանակում, ԼՂՀ Նախագահ Բակո Սահակյանի, ՀՀ և ԼՂՀ պաշտպանության նախարարների և բարձրաստիճան հրամկազմի ներկայացուցիչների ուղեկցությամբ այցելել է Արցախի հարավային և հարավ-արևելյան մի շարք զորամասեր:

Պաշտպանական դիրքերից մեկում նախագահներն ունկնդրել են հրամանատարի զեկույցը, հետևել մարտական ծառայության իրականացմանը, ծանոթացել պաշտպանական համակարգի ամրապնդման ուղղությամբ կատարված աշխատանքներին: Նախագահները տեղում քննարկել են զորքերի պատրաստությանն առնչվող խնդիրներ, տվել համապատասխան հանձնարարականներ: Հայաստանի Հանրապետության Նախագահը պարգևատրել է զորամասի լավագույն սպաներին, պայմանագրային և ժամկետային զինծառայողներին` բարեխիղճ և գերազանց ծառայության համար: Հայրենիքի սահմանները պաշտպանելիս ցուցաբերած բացառիկ խիզախության, անձնուրաց քաջության և անմնացորդ նվիրումի համար թիվ N զորամասի հրամանատար, փոխգնդապետ Արամ Հայրյանին ՀՀ Նախագահը պարգևատրել է «Մարտական խաչ» 2-րդ աստիճանի շքանշանով:

Նախագահ Սարգսյանը ներկա է գտնվել նաև սպաների համար կառուցված բազմաբնակարան շենքի և երկու զորանոցի բացման արարողություններին, ծանոթացել սպաների բնակարանային պայմաններին և բնակարանամուտի առթիվ շնորհավորել նրանց: ՀՀ Նախագահը նաև խրախուսական նվերներ է հանձնել ծառայության ընթացքում աչքի ընկած զինծառայողներին:

Հետևեք մեզ նաև Telegram-ում