Հառիճ գյուղի դպրոցին բազմատեսակ մարզական գույք է տրամադրվել

ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարությունը բազմատեսակ մարզական գույք է տրամադրել ՀՀ Շիրակի մարզի Հառիճ գյուղի Ա. Մանուկյանի անվան միջնակարգ դպրոցին:

Ինչպես տեղեկացրին նախարարության լրատվական ծառայությունից, մարզագույքն արդեն տեղադրված է դպրոցի վերանորոգված մարզադահլիճում և երեկ՝ դեկտեմբերի 8-ին, տեղի է ունեցել մարզադահլիճի վերաբացման հանդիսավորի արարողությունը: Միջոցառմանը ներկա են գտնվել ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության մասսայական սպորտի և ֆիզիկական դաստիարակության քաղաքականության վարչության պետ Լևոն Վահրադյանն ու ՀՀ Շիրակի մարզպետ Հովսեփ Սիմոնյանը:

Նախարարության կողմից Հառիճի միջնակարգ դպրոցին տրամադրվել են ներքնակներ, բասկետբոլի, վոլեյբոլի, ֆուտբոլի գնդակներ, վոլեյբոլի ցանց, մարմնամարզական այծ, մագլցման պարաններ, շվեդական պատ, ցատկապարաններ, բասկետբոլի զամբյուղ և այլն:

«Վստահ եմ՝ վերանորոգված և մարզագույքով համալրված մարզադահլիճը կծառայի աշակերտների շրջանում սպորտի մասսայականացմանը և առողջ ապրելակերպի քարոզչությանը»,– նշել է Լևոն Վահրադյանը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում