Շփման գծում միջադեպերի հետաքննության մեխանիզմները կարող են դառնալ նաև զսպման մեխանիզմներ. Նալբանդյան

Ադրբեջանական կողմը միշտ փորձում է ներկայացնել, որ որևէ հարցով որևէ պայմանավորվածությունը չի ձեռքբերվել` թե՛ միջադեպերի հետաքննության մեխանիզմի վերաբերյալ, թե՛ Կասպշիկի թիմի ընդլայնման վերաբերյալ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտարարությամբ Համբուրգում լրագրողների հետ զրույցում հանդես է եկել ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը:

«Եռանախագահները հստակ նշեցին, որ պետք է առաջընթաց գրանցել մեխանիզմի ստեղծման պայմանավորվածության վերաբերյալ: Հստակ նշվեց, որ պետք է խոչընդոտները վերացվեն այն ճանապարհին, որը տանում է ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի թիմի ընդլայնմանը: Եթե ավելացնենք թիվը մի քանի հոգով, շատ բան չի փոխվելու, որովհետև կան կոնֆլիկտային իրավիճակներ, որտեղ խոսքը գնում է ոչ թե մի քանի տասնյակ, այլ մի քանի հարյուր հոգու մասին, սակայն նորից շատ բան չի փոխվում: Բայց շատ կարևոր է, որ ինչ-որ խորհրդանշական քայլ կատարվի, որը ցույց տա, որ տեղաշարժ կա: Ավելացնեն դիտորդական առաքելության քանակը, որակը, արդյունավետությունը»,- ընդգծել է ՀՀ արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը: Նրա խոսքով` Ադրբեջանն ի սկզբանե ընդհանրապես դեմ էր ընդլայնման առաջարկին, իսկ հիմա ասում է. «եկեք ավելացնենք 7 հոգով, սակայն նրանց չտեղակայենք շփման գծում, տարածաշրջանում, այլ նրանց ուղարկենք Բաքու, Երևան և Թբիլիսի, և հետո թող թույլատվություն հարցնեն Ադրբեջանից` գան, թե չգան: Այդ պարագայում որտե՞ղ է այդ դիտորդական առաքելության արդյունավետությունը»: Նախարարը հիշեցրեց նաև, որ մինչ այժմ բազմաթիվ հանձնաժողով ների նիստեր են եղել ԵԱՀԿ-ում, այդ թվում` ֆինանսական, որի ընթացքում միայն Ադրբեջանը վետո է օգտագործել, այսինքն` խոչընդոտել է, որ այդ թիմն ընդլայնվի և հնարավորություն ունենա ավելի արդյունավետ ձևով աշխատել:

«Իրենք ասում են, որ մեխանիզմ կարող է լինել, երբ կարգավորումը լինի, սակայն երբ կարգավորումը լինի էլ ի՞նչ մեխանիզմի մասին է խոսքը: Իրենք իրենց փակուղի են դնում, այսինքն` ամբողջ աշխարհը մի բան է խոսում, իրենք ուրիշ կերպ են հասկանում: Ծուռ հայելիների ինչ-որ թագավորությունում են ապրում, մյուսներին էլ փորձում են պարտադրել իրենց տեսակետները: Սա է հարցը: Եռանախագահողները չեն հուսահատվում, Հայաստանն էլ չի հուսահատվում: Մենք նրանց հետ շարունակելու ենք ջանքերը Վիեննայի և Սանկտ-Պետերբուրգի պայմանավորվածությունների իրականացման վերաբերյալ: Շատ կարևոր է նաև 1994-1995 թվականների հրադադարի համաձայնագրերի իրականցման անխտիր հանձնառությունը, բացառապես խաղաղ կարգավորման և, իհարկե, այս մեխանիզմների ստեղծման, որոնք կարող են լինել ոչ միայն հետաքննության, այլև զսպման մեխանիզմներ, որոնք կկարողանա սահմանափակել լարվածությունը տարածքաշրջանում և ավելի բարենպաստ մթնոլորտ կստեղծվի բանակցային գործընթացի համար»,- ամփոփել է Էդվարդ Նալբանդյանը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում