Ստամբուլի ահաբեկչության զոհերի թիվը հասել է 44-ի

Ստամբուլի ահաբեկչության զոհերի թիվը հասել է 44-ի

Ստամբուլի Բեշիքթաշ թաղամասում դեկտեմբերի 10-ին իրականացված ահաբեկչության զոհերի թիվն ավելացել է: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով թուրքական «Հուրիեթ» պարբերականը, զոհերի նոր թիվը հայտարարել է Թուրքիայի առողջապահության նախարար Ռեջեփ Աքդաղը:

«44 զոհ ունենք, որոնցից 36-ը ոստիկան են, 8-ը՝ քաղաքացիական անձինք»,- հայտարարել է Աքդաղը:

Ստամբուլի Բեշիքթաշ թաղամասում դեկտեմբերի 10-ին ահաբեկչություն է իրականացվել: Պայթյուններից առաջինն իրականացվել է Chevrolet մակնիշի ավտոմեքենայով, որում պայթուցիկ է տեղադրված եղել: Փոխվարչապետ Նուման Քուրթուլմուշի տվյալներով` օգտագործվել է 300-400 կգ պայթուցիկ նյութ: Երկրորդ պայթյունն իրականացրել է մահապարտը: Ահաբեկչության հետևանքով վիրավորվել է 155 մարդ:

Կատարվածի պատասխանատվությունը ստանձնել է «Քրդստանի ազատության բազեներ» խմբավորումը: Վարչապետը Բինալի Յըլդըրըմը, սակայն, կատարվածի պատասխանատու է հայտարարել Քրդական բանվորական կուսակցությանը (PKK):

Հետևեք մեզ նաև Telegram-ում