Կուրցը պատրաստ է վետո կիրառել Թուրքիայի հետ ԵՄ բանակցությունները շարունակելու պարագայում

Կուրցը պատրաստ է վետո կիրառել Թուրքիայի հետ ԵՄ բանակցությունները շարունակելու պարագայում

Ավստրիայի արտաքին գործերի նախարար Սեբաստիան Կուրցը կրկին հայտարարել է Թուրքիայի հետ Եվրամիությանն անդամակցության շուրջ բանակցությունները դադարեցնելու անհրաժեշտության մասին: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին տեղեկացնում է գերմանական Deutsche Welle -ն:

Ավստրիայի APA գործակալությանը տված հարցազրույցում Կուրցն ասել է, որ եթե ԵՄ արտգործնախարարների ժողովին Թուրքիայի հետ բանակցությունները շարունակելու վերաբերյալ որոշում ընդունվի, ապա ինքը վետո կկիրառի: «Մենք պատրաստ չենք հաստատելու անդամակցության շուրջ բանակցությունները շարունակելու մասին որոշման նախագիծը, քանի որ իմ կարծիքով որոշման տեքստը ճիշտ ձևով չի արտացոլում Թուրքիայում տեղի ունեցող իրադարձությունները: Թուրքիան օրինական պետության, ժողովրդավարության և մարդու իրավունքների տեսանկյունից բացասական զարգացում է գրանցել»,- նշել է նա: Կուրցն անհրաժեշտ է համարել, որ ԵՄ արտգործնախարարների նիստին ընդունված որոշման մեջ առնվազն պարունակվի բանակցությունների սառեցման պահանջը:

ԵՄ արտգործնախարարները դեկտեմբերի 12-ին հանդիպելու են Բրյուսելում: Հանդիպման ժամանակ քննարկման թեմաներից է լինելու Թուրքիայի հետ անդամակցության շուրջ բանակցությունների շարունակման հարցը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում