AM | RU
USD
EUR
RUB

Արցախյան ազատամարտ. Պատմում է Արմեն Գրիգորյանը

 
 

Voskanapat.info լրատվական֊վերլուծական կայքն ու Times.am գործակալությունը ընթերցողների ուշադրությանն են ներկայացնում Արցախյան ազատամարտին վերաբերող պատմությունների և հարցազրույցների շարք։ Նոր խորագրի հիմնական նպատակն ընթերցողների լայն շրջանակին մեր հերոսների հետ ծանոթացնելն է։ Կփորձենք բացահայտել հետաքրքիր և ձեր ուշադրությանը ներկայացնել հերոսամարտի ամենահետաքրքիր պատմություններն ու դիպվածները։
Եվ այսպես, պատմում է Արմեն Գրիգորյանը:


Ամուսնացել եմ 1992թ հունիսի 6-ին: Ճիշտն ասած, հարսանիքս ուզում էի Շուշիի հաղթանակից անմիջապես հետո անել, բայց, դե, հասկանում եք, ժողովուրդն ասում է` մայիս-վայիս, որոշեցի սպասել մինչև հունիս: Հարսանիքս էլ մեր հարևանի` Գենոյի տանն ենք արել: Հիմա, որ պատմում եմ, շատերը չեն հավատում, շատերն էլ զարմանում են: Բայց մենք իսկապես մի ընտանիք էինք, այսինքն, հիմա էլ այդպես ենք` երկու տուն ենք` մի ընտանիք: Պատերազմն էլ միասին` մեջք-մեջքի ենք անցել: Աստված իմ, դա մի ամբողջ կյանք էր` անմոռանալի, վառ, նվիրական…

Իրար վաղուց գիտեինք: Մի շենքի տղաներ ենք` միասին մեծացած: Մեր բարեկամությանը դեռևս մեր ծնողներն են սկիզբ դրել: Մենք էլ փոխանցել ենք մեր զավակներին: Եթե չլիներ մեր միասնությունը, հաստատ ավելի դժվար կլիներ, հաստատ ինչ-որ բան կիսատ կմնար:

Այսօրվա պես հիշում եմ 1993-ի ապրիլի 25-ը: Գենոյի երրորդ երեխան ծնվեց: Դե, գիտեք, ինչպիսի ժամանակներ էին` ոչ ուտելու բան կար, ոչ էլ…: Գենոն, որ արմատներով Խնձրիստան գյուղից է, վեր կացավ գնաց գյուղ` պանիր-մանիր բերի, քեֆ անենք: Մենք էլ թաղի տղերքով վեր կացանք, գնացինք Քոսալարից երկու-երեք ոչխար բերեցինք, խորոված-խաշլամա սարքեցինք, թե նստենք քեֆի։ Գենոն դեռ չկա: Երկրորդ բաժակի վրա Գենոն մոր հետ ներս մտավ, տեսավ արդեն քեֆը սկսել ենք: Ասածս էն է, որ ուրախությունն էլ էր ընդհանուր, հոգսն էլ:

Մի քանի ամիս հետո էլ իմ աղջիկն է ծնվել` 1993-ի օգոստոսի 13-ին: Ուզում եմ ասել, պատերազմը` պատերազմ, բայց կյանքը շարունակվում էր: Օրինակ, մեր ժամադրությունները Կրկժանից քաղաքի վրա թափվող կրակոցների տակ են անցել: Մի անգամ, զբոսայգում էինք, երբ տեսա, թե ինչպես է տրասսեր, այսինքն՝ լուսածիր արկը գալիս` լուսավորելով իր ճանապարհը: Մի կողմ քաշեցի Գայանեին: Արկը պայթեց ուղիղ նրա կանգնած տեղը: Չգիտեմ, գուցե ջահել էինք, մեր շուրջը տեղի ունեցող պատերազմը, կարծես մեզ չէր վերաբերում: Այն օրը, երբ առաջին անգամ Ստեփանակերտի վրա ՙԱլազան՚ են խփել, մեր ընտանիքի նշանավոր օրերից մեկն էր: Նշանդրեքից հետո պիտի հյուր գնայինք խնամիների տուն: Գայանեն պիտի տորթ թխեր, գնացել, թթվասերի համար հերթ էր կանգնել: Եվ ահա, երբ պայթեցին առաջին արկերը, Գայանեն թթվասերի հերթում է եղել: Երևի մեր հումորի զգացումն է մեզ օգնել ապրել այդ ամենը մի տեսակ բանի տեղ չդնելով…

Մեր թաղի տղերքով զինվորագրվել ենք Կոմադոսի կոչով ու մասնակցել Քարին տակի ճակատամարտին ու Շուշիի ազատագրմանը, սկզբում հրաձիգ էինք, հետևակ: 1992-ի հունիսի 16-ին` իմ հարսանիքից 10 օր անց, ծառայության մտա որպես հրետանավոր: ՙԳրադ՚ կայանքներ ու հրանոթներ էին բերել, մասնագետներ էին հարկավոր: Հավաքեցին բոլոր նրանց, ովքեր զինվորական կրթություն ունեին: Որպես հրետանավոր սպա ես գրանցված էի զինկոմիսարիատում: Հետևիցս մարդ ուղարկեցին: Գնացի, ծանոթացա Գեորգի Գասպարյանի հետ, գիտեք` Գրադի Ժորան է: Մինչ օրս այդ տեսարանը աչքիս առաջ է, բայց դա ուրիշ պատմություն է: Հիմա վերադառնանք Գենոյին ու իմ մյուս ընկերներին:

Հրետանավոր դառնալուց հետո ես իմ ընկերներից բաժանվեցի: Նրանք մնացել էին հետևակում: Ամիսներ անց, Վանքի անտառներում` Հկեղան տեղամասում, հանդիպեցի Գենոյին ու Վարդանին: Ես ու Գրադի Ժորան ՈՒԱԶ-ով գնում էինք: Սկզբում Ժորան էր նկատել նրանց: Ասաց` Արմեն, թուրքեր են, կրակիր: Ավտոմատս ձեռքս առա, նշան բռնեցի, տեսա` ընկերներս են: Այդպես մենք գտանք իրար: Որոշեցի շուրջս հավաքել նրանց, որովհետև պատերազմում առավել, քան կյանքի որևէ այլ հանգամանքներում, հարազատ մարդկանց կարիք ես զգում: Ուզում ես վստահ լինել, որ եթե հանկարծ զոհվես կամ վիրավորվես, քեզ հաստատ կհանեն, մարմինդ չեն թողնի գերության մեջ: Երբ ես գտա իմ ընկերներին, նրանք հենց այդպիսի մի դրության մեջ էին: Մեր ընդհանուր ընկերներից մեկը` Վահրամը, որ Հայաստանից էր եկել, զոհվել էր Հարությունագոմերի մարտում: Նրա մարմինը մնացել էր գրավված գյուղում: Ամիսներ շարունակ Գենոն ու մեր շենքի Վարդանը սիրտ չէին անում տուն վերադառնալ: Ինչ գնով էլ լինի,- ասում էին,- Վահրամի մարմինը պիտի հանենք:

Վահրամի հայրն էլ էր Հայաստանից եկել, միացել նրանց: Ասում էի` պետք է խելամիտ գործել, որպեսզի առանց զոհերի կարողանանք գործը գլուխ բերել: Առաջարկեցի ինձ մոտ տեղափոխվել: Այդ ժամանակ ես դիվիզիոնի հրամանատար էի, խումբ էի հավաքում: Սկզբում չեմուչեմ էին անում, բայց վերջում համոզեցի, ամենքին մի գործ տվի, մի բան սովորեցրի, ով վարորդ էր` քարշակն էր քշում, ով թեթև վիրավորում ուներ` զամպատըլ՝ թիկունքի գծով տեղակալ եղավ: Գենոն էլ ոչ մի բանի ընդունակ չէր, հետախույզ դարձրի: Այսինքն, անընդունակս ո՞րն է, տանկիստ էր, չէր ուզում հրանոթի վրա աշխատել, հրետանավոր դառնալ: Մի երկու անգամ հետս հետախուզության եմ տարել, ցույց տվել ինչը ոնց են անում, ինքն էլ` խելոք տղա, ասածս օդում էր բռնում, շուտով լավ հետախույզ դարձավ: Մեր հրետանային մարտկոցը կոչվել է ՙԼուսինե՚, գործել է մինչև 1993թ. սեպտեմբերը: ՙԼուսինեն՚ շատ հաջողակ է գործել, երբ ասում էին` ՙԼուսինեն՚ է աշխատում, գիտեին, որ հաջողությունն անխուսափելի է:

Մի օր գեներալ Իվանյանը եկավ, որ դիրքերս ստուգի: Եկավ, տեսավ, որ Հաթերք գյուղի վերևում՝ Ծաղկնոց տեղանքում, մեր նշանակետում թշնամու բազա է երևում ու զարմացած հարցրեց, թե ինչու չեմ կրակում: Ասում եմ` արկերս քիչ են, ընդամենը 40 արկ ունեմ, խփեմ ինչ անեմ: Բարկացավ, ինձ դավաճան որակեց և ասաց` առաջս ընկի, քեզ տանում եմ Սերժ Ազատիչի մոտ:

- Ի՞նչ ա եղել, ի՞նչ ա պատահել,- զարմացել էր Սերժ Սարգսյանը:

- Դավաճան եմ բերել, Սերժ Ազատիչ, ահա, թշնամու բազան տեսնում է, նշանակետը աչքի առաջ` չի կրակում,- ներկայացրեց Իվանյանը:

- Արմեն, մի դու պատմիր, ի՞նչ ա պատահել:

- Սերժ Ազատիչ, ընդամենը 40 արկ ունեմ, քիչ-քիչ կրակում եմ, որ կարողանանք դիրքերը պահել: 40 արկով ես ինչպե՞ս բազա վերացնեմ:

- Հասկանալի է:

- Այդ ինչ եք խոսում, ռուսերեն խոսեք,- միջամտեց Իվանյանը:

Սերժ Սարգսյանը սկսեց բացատրել, որ իսկապես արկերը քիչ են, ու ես, իրոք, չեմ կարող կրակել: Ես արդեն ՙդավաճան՚ չէի, ինձ բաց թողին ու երկուսով սկսեցին արկերի համար բանավիճել: Իվանյանն ասում էր` արկ տուր, թող գնա կրակի:

Ո˜նց էր խնդրում ու պահանջում գեներալ Իվանյանը, չեմ կարող նկարագրել: Էնքան, որ վերջում ինձ 40 արկ տվին:

Գոհ ու շնորհակալ հետ եկանք: Բայց Իվանյանը կարծես թե չէր վստահում ինձ: Մարդ դրեց հետս` թե գնա, հետևիր, որ բոլոր արկերը խփի: Բարսեղյան Վարդանն էր, հիմա բանակի հրետանու պետերից է: Եկանք, մի լավ դիրքավորվեցինք, քաղաքից էլ միս էի տարել, տղերքին ասացի, որ երբ կապվեմ, ասեմ վերջացրել եմ, կրակը վառում եք, որ գանք հաց ուտենք: Թեպետ թշնամու բազան տեսնում էինք, հրանոթի կրակի հեռահարությունը թույլ չէր տա դիպուկ կրակել: Ստիպված հրանոթներից մեկը մոտ 6 կմ. առաջ տարանք, համարյա մինչև առաջնագիծ: Մի փայլուն գործողություն էր դա, այսօր էլ, երբ հիշում եմ, թե ինչպես էին խուճապահար այս ու այն կողմ փախչում թուրքերը, նրանց վառվող տեխնիկան, զինամթերքը, հավեսս գալիս է: Դա մի այնպիսի տեսարան էր, որը դիտելուց երբեք չես հոգնի:

Խոջալուի ազատագրումից հետո ես ու Գենոն տուն ենք գալիս: Գալիս ենք ու զրուցում: Ասում եմ` Գենո, էս որ գնում ենք, գնալու ենք ի՞նչ ուտենք: Որոշում ենք մի-մի հավ բռնել Խոջալուից ու տանել տուն: Դե, մենք էլ՝ հոգնած, սոված ու անքուն: Չէինք կարողանում վազել, էս հավերն էլ, որին մոտենում էինք` փախչում էր: Մի քանի հավ էլ կար, որ մոտենում էիր, կուչ էին գալիս: Դրանցից երկուական վերցրինք, ոտքերը կապեցինք, մեջքներովս գցեցինք ու ճանապարհ ընկանք: Մեկ էլ տեսանք մի մարդ դիմացից դուրս եկավ ու սկսեց մեզ լուսանկարել: Այդ նկարը տպագրվել է գերմանական ՙՇպիգել՚ ամսագրում: Ունեինք էդ ամսագիրը, բայց թե ում ենք տվել, որ հետ չի վերադարձրել, չեմ հիշում: Միտքս կիսատ մնաց, ուրեմն ես ու Գենոն հավերը բերում ենք, ասում` դուք եփեք, մենք էլ մի քիչ հանգստանանք: Քնում ենք, վեր կենում, թե հաց ուտենք, այ մարդ, ոչ ճաշի հոտ է գալիս, ոչ էլ, առավել ևս, հավի: Մենք էլ երազում արդեն տապակա էինք ուտում: Ամբողջ շենքով նկուղում էինք ապրում: Որ եփած լինեին, պիտի որ հոտից արթնանայինք: Զարմացած գնում եմ, տեսնեմ՝ էս ինչ հաշիվ ա: Դու մի ասա, էս հավերը բերում ենք տուն թե չէ, անմիջապես ձու են ածում: Տեսնեմ՝ հերս, Աստված հոգին լուսավորի, արդեն բույն ա սարքել էս հավերի համար: Ասում ա` էսպիսի հավերը չեն մորթի, թող մնան, ձու ածեն, սով տարի է: Էդպես, մեզ լավաշ-պանիրով խաբեցին, ճանապարհ դրին:

Ի՞նչ ասեմ, պատերազմն այնքան էլ սարսափելի չէ, եթե կողքիդ հավատարիմ ընկերներ ունես, երբ ամուր թիկունք ունես ու գիտես, թե հանուն ինչի ես կռվում: Կան արժեքներ, որոնց համար արժե ոչ միայն ապրել, այլև նույնիսկ մեռնել: Փառք Աստծո, էդ արժեքները մինչև հիմա էլ ունենք:

Գրի առավ Յուլիա ՎԱՆՅԱՆԸ

Լրահոս
Նաիրա Զոհրաբյանն ու Վահե Էնֆիաջյանը կանխել են քաղաքացու ինքնասպանության փորձը ԵԿՄ վարչությունն այսօր արտահերթ նիստ կանի, կորոշվի համագումարի օրը Սկսել են միջամտել անձանց տնտեսական գործունեությանը և սեփականության իրավունքին Պատմական ընտրություններ, որոնք կկանխորոշեն երկրի ապագան. Թուրքիայում նախագահական ու խորհրդարանական ընտրություններ են ՀԷՑ-ը` անապահով ընտանիքների համար էլէներգիայի սակագինը նվազեցնելու մասին Գերմանիան կխստացնի սահմանային միգրացիոն վերահսկողությունը, եթե նույնիսկ ԵՄ-ի աջակցությունը չլինի «Կյանքին վտանգ սպառնացող թեքահարթակներ»․ հաշմանդամություն ունեցողները բողոքում են Կանադայի վարչապետը տուգանվել է արևապաշտպան ակնոցի պատճառով Լոնդոնի արևելյան շրջաններից մեկի արդյունաբերական պահեստում ուժգին պայթյուն է որոտացել Կարեն Կարապետյանը հրաժարվում է ՀՀԿ առաջին փոխնախագահի պաշտոնից, սակայն կուսակցությունը չի լքի Վստահ եմ՝ Ձեր փորձն ու բարձր կարողությունները ծառայեցնելու եք ի շահ Հայաստանի. Արա Բաբլոյանը շնորհավորել է Արմեն Սարգսյանին Դոնալդ Թրամփը Հյուսիսային Կորեային կրկին «բացառիկ սպառնալիք» է համարել Եթովպիայում վարչապետին աջակցող հանրահավաքի ժամանակ պայթյուն է որոտացել Շիկահող համայնքի բնակիչը ոստիկանությանը կամավոր հանձել է ատրճանակ և ռազմամթերք Արցախի պաշտպանության բանակում անցկացվել է երկաստիճան հրամանատարաշտաբային զորավարժություն «ՋԼՋ Պրոյեկտ Քոմփանի»-ն պետությանը պատճառել է 300 միլիոն դրամի վնաս․ նոր բացահայտումներ ՀՀ պաշտպանության նախարարն այցելել է հյուսիսարևելյան սահմանագոտի Բարեկամական ևս մեկ երկրի զենքի՝ Ադրբեջանում հայտնվելու պատմություն ԱԱԾ-ն հերքում է «Փյունիկ» բարեգործական հիմնադրամի նախագահի բնակարանում խուզարկություն կատարելու լուրերը Պայմանագրային զինծառայողի մահվան գործով ձերբակալվել է վաշտի հրամանատարի տեղակալը Անգլիայի Ֆուտբոլի Ֆեդերացիայի նախագահն այցելեց Հայաստան Բնակիչը ոստիկանության Վաղարշապատի բաժնում կամավոր հանձնել է տան տանիքում գտած զինամթերքը Երևանում հուշանվեր-թղթադրամով հեռախոս գնած քաղաքացիների են բերման ենթարկել. ոստիկանություն Վարչապետ Փաշինյանը շնորհավորել է նախագահ Արմեն Սարգսյանին ծննդյան օրվա առթիվ Օրը կգա, գուցե Սերժ Սարգսյանը գնա հատուկ բանագնաց ղարաբաղյան հարցով, ո՞վ գիտի. Արսեն Խառատյան Ադրբեջանին ամերիկյան ուղղաթիռների վաճառքի հետ կապված Արփինե Հովհաննիսյանը դիմել է ԱՄՆ կոնգրեսականներին Ասկերանում հայտնաբերվել է «Զինվորի բաժին» գրառմամբ պահածոյի ավելի քան 200 դատարկ տարա Պուտինը շնորհավորել է Նախագահ Արմեն Սարգսյանին հոբելյանի առթիվ Արցախում 4-ամյա երեխա է մահացել գայլի կծելու հետևանքով ԱԱԾ լրատվականը ո՛չ հերքում, ո՛չ հաստատում է Տարոն Մարգարյանի տանը ստուգումներ անցկացնելու մասին լուրը Սիսիանի ԵԿՄ փոխնախագահը մեծ քանակությամբ զենք, զինամթերք և զինվորական հանդերձանք է հանձնել Սերժ Սարգսյանը շնորհավորել է Արմեն Սարգսյանին հոբելյանի առիթով Հունիսի 17-ին հակառակորդը ձեռնարկել է դիվերսիոն ներթափանցման փորձ Սալահը դարձել է Չեչնիայի պատվավոր քաղաքացի Ապացուցվել Է աղի մահացու վտանգը «Դիվա» գիշերային ակումբի մոտ ծեծկռտուք է տեղի ունեցել, հնչել են կրակոցներ. կան վիրավորներ Հայկ Հարությունյանի որոնողական աշխատանքներն Աբովյանում ավարտվել են անարդյունք Զորամասերից մեկում պայմանագրային զինծառայող է մահացել «Հրապարակ». Կարգին Հայկոն Երևանի քաղաքապե՞տ. ՔՊ-ին անդամագրվելու դիմումը դրանով է պայմանավորված «Հրապարակ». Առաջիկայում թոշակ, աշխատավարձ չի բարձրանա. Նախարար
Խմբագրի ընտրություն
website by Sargssyan