Էրդողանի կողմից ակադեմիկոսների հասցեին հնչեցված վիրավորանքը խոսքի ազատության դրսևորում է համարվել

Էրդողանի կողմից ակադեմիկոսների հասցեին հնչեցված վիրավորանքը խոսքի ազատության դրսևորում է համարվել

Թուրքիայի դատարանը մերժել է մտավորական Բասքըն Օրանի կողմից նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի դեմ հարուցված դատական գործը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին տեղեկացնում է թուրքական Evrensel պարբերականը:

Բասքըն Օրանը թուրք-քրդական հաշտեցման օգտին հանդես եկող մտավորականների շարքում ստորագրել էր «Այս հանցագործության հանցակիցը չենք դառնալու» խորագիրը կրող հայտարարությունը, որը խիստ քննադատության էր արժանացել նախագահ Էրդողանի կողմից: Վերջինս մտավորականներին անվանել էր «ստոր», «անգրագետ, «հայրենիքի դավաճան», «անբարոյական», «աղտոտված հոգի ունեցող»: Ի պատասխան նման հայտարարության` Օրանը Էրդողանի դեմ դատական գործ էր հարուցել` պահանջելով 10 հազար թուրքական լիրայի (շուրջ 2800 ԱՄՆ դոլար) բարոյական փոխհատուցում:

Այդուհանդերձ, դատարանն անմեղ է ճանաչել Էրդողանին` նրա խոսքերը համարելով «խոսքի ազատության դրսևորում»:

Դատական նիստին ելույթի ժամանակ Օրանն իր զայրույթն է հայտնել կատարվածի առնչությամբ` ասելով. «Էրդողանը միլիոնավոր մարդկանց առջև ակադեմիկոսներին վիրավորել է` նրանց «ստոր», «հայրենիքի դավաճան» անվանելով: Եթե նման բան է ասում երկրի նախագահը, ապա ժողովուրդը մեկը մյուսին սպանելու դուրս կգա: Մյուս կողմից էլ Էրդողանը հազարավոր դատական գործեր է հարուցել իր դեմ թվիթերյան գրառումներ կատարած անձանց դեմ, և այդ մարդիկ անմիջապես կալանավորվել են»:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում