Մարզերի սոցիալ-տնտեսական իրավիճակի բարելավման համար ԵՄ-ն տրամադրելու է ավելի քան 9 մլն եվրո

Մարզերի սոցիալ-տնտեսական իրավիճակի բարելավման համար ԵՄ-ն տրամադրելու է ավելի քան 9 մլն եվրո

«Համակողմանի տարածքային զարգացման ծրագրերը և ռազմավարական պլանավորումը հանուն Հայաստանի մարզերի զարգացման» տարածքային զարգացման համաժողովը և տարածքային զարգացման ծրագրերի դրամաշնորհների ստորագրման արարողությունը կայացավ դեկտեմբերի 13-ին։

Պիլոտային Տարածաշրջանային Զարգացման Ծրագիր դրամաշնորհը (ՊՏԶԾԴ) ֆինանսավորվում է ԵՄ-ի և ՀՀ կառավարության կողմից, արժեքը կազմում է ավելի քան 9 միլիոն եվրո։ Նպատակն է բարելավել սոցիալ-տնտեսական իրավիճակը մարզերում։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ՀՀ փոխվարչապետ Վաչե Գաբրիելյանը համաժողովի ժամանակ ասաց. «Եվրոպական հարևանության ծրագրով մենք այսօր սկիզբ ենք դնում պիլոտային տարածքային զարգացման դրամաշնորհային ծրագրին։ Տարածքային զարգացման տեսակետից կարևոր նախաձեռնություն է և շատ կարևոր է, որ այն գտնվում է Եվրոպական միության ուշադրության կենտրոնում և նրանց կողմից կա աջակցություն։ Մենք ակտիվորեն աշխատում ենք ԵՄ-ի հետ ավելի լայն համաձայնագրի կնքման շուրջ և այդ առումով աշխատանքները շատ հաջող կերպով են ընթանում։ Համաչափ զարգացման տեսակետից ևս կարևոր է քաղաքական փաստաթուղթը ստորագրելը»։

Նա նաև նշեց, որ այս պահին ՀՀ Կառավարությունը կարևորում է եվրոպական հարևանության ընդհանուր ուղեծրում նման քաղաքականության իրականացումը տարածքային զարգացման տեսակետից։ Հայաստանի Հանրապետության կառավարությունը մեծ ջանքեր է գործադրել՝ ստեղծելու և բարելավելու տարածաշրջանային զարգացման քաղաքականությունը վաղ 2000-ականներից, ունեցել է մի շարք պիլոտային ծրագրեր և այս տարի հուլիս ամսին ընդունել է Հայաստանի տարածաշրջանային զարգացման ռազմավարությունը։

Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և զարգացման նախարար Դավիթ Լոքյանն էլ իր հերթին ասաց, որ այսօր ընդհանուր տարածքային զարգացման հեռանկարի համար շատ կարևոր օր է։ «Այսօր մենք ստորագրում ենք մի փաստաթուղթ, որով ուղղակի սկսվում է գործունեություն Հայաստանի տարբեր մարզերում։ Այդ ամենի արդյունքները մենք բոլորս պիտի տեսնենք առաջիկայում։ ԵՄ-ն շատ է կարևորում տարածքային կառավարման և զարգացման նախարարության հետ գործունեությունը։ Մեզ համար պարզ է՝ այն փորձը, որ տարիների ընթացքում ունեցել է ԵՄ-ն, տարածքային անհամաչափությ ունը հաղթահարելու և երկրում կայուն ապրելակերպ ստեղծելու խնդրով։ Օժանդակությունը, որն այսօր մենք ստանում ենք Եվրոպական Միությունից և ակնկալում ենք ապագայում, հիմնականում ուղղված է լինելու բարեփոխումների վրա։ Այդ արդյունքները մեր երկրում կլինեն չափելի, գրանցելի և մենք ձեզ հետ միասին տեսնելու ենք այդ ամենը»,- ասաց նախարարը։

Դավիթ Լոքյանի խոսքով՝ այն ծրագրերի, որոնց վերաբերյալ ստորագրվեցին փաստաթղթեր, ընտրությունը իրականացրել են նրանց գործընկերները։

Դրամաշնորհ ստացած ծրագրերի ընտրությունը կազմակերպվել է երկու փուլով։ Առաջին փուլում միայն մեկ կարճ փաստաթուղթ է ներկայացվել շահագրգիռ ՀԿ-ների և տեղական ինքնակառավարման մարմինների կողմից։ Ընդհանուր ներկայացվել է 47 հայեցակարգ։ Դեկտեմբերի 13-ին ստորագրվեցին դրամաշնորհների պայմանագրեր ԵՄ-ի և ՏԿԶՆ-ի հետ։
Ծրագրերի իրականացումը կսկսվի հաջորդ տարվա սկզբին։

ՊՏԶԾԴ ծրագրի ընդհանուր նպատակն է աջակցել Հայաստանի Կառավարությանը Հայաստանի մարզերի միջև ավելի համաչափ սոցիալական և տնտեսական զարգացում ապահովելու համար։

ԵՄ դեսպան Պյոտր Սվիտալսկին ծրագրի մասին խոսելիս նշեց՝ որպեսզի Հայաստանը բարգավաճի, պետք է հաղթահարվեն բոլոր խոչընդոտները։ «Շատ բավարարված ենք մեր գործակցությունից տարածքային կառավարման և զարգացման նախարարարության հետ։ Նաև մենք միասին մշակել ենք մարզերի զարգացման ռազմավարություն, մեկնարկ ենք տվել այս պիլոտային ծրագրին։ Ապագայի հետ կապված ասեմ, որ մեզ համար սա հեռահար ընտրություն է, երկարաժամկետ փիլիսոփայություն՝ մարզերին ուշադրություն դարձնելը։ Կարող եմ ասել, որ շուտով ավելի շատ կտեսնեք, որ ես և իմ գործընկերները հաճախ այցելում ենք մարզեր»,- ասաց Սվիտալսկին։

Հետևեք մեզ նաև Telegram-ում