Հունաստանը քննարկել է ԵԱՏՄ-ի հետ համագործակցության ընդլայնումը

Հունաստանը քննարկել է ԵԱՏՄ-ի հետ համագործակցության ընդլայնումը

Հունաստանի ԱԳ նախարարության միջազգային տնտեսական հարաբերությունների հարցերով գլխավոր քարտուղար Յորգոս Ցիպրասն այցով գտնվում է Մոսկվայում, որտեղ հանդիպում է ունեցել Եվրասիական տնտեսական միության գործադիր կոմիտեի պատվիրակության հետ: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, հայտնել է Հունաստանի ԱԳ նախարարության մամուլի ծառայությունը:

ԵԱՏՄ-ի անդամներն են՝ Հայաստանը, Ռուսաստանը, Բելառուսը, Ղազախստանը եւ Ղրղզստանը:

Ցիպրասը Եվրասիական տնտեսական հանձնաժողովի պատվիրակության հետ՝ ինտեգրացման եւ մակրոէկոնոմիկայի հիմնական ուղղությունների հարցերով նախարար Տատյանա Վալովայի գլխավորությամբ, քննարկել է Եվրամիության հետ Եվրասիական տնտեսական միության համագործակցությունը, ԵԱՏՄ-ի մասնակից բոլոր պետությունների հետ Հունաստանի առեւտրատնտեսական հարաբերությունների հետագա զարգացման հնարավորությունները, Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ Տիգրան Սարգսյանի առաջիկա այցն Աթենք:

«Առանձնակի ուշադրություն է դարձվել հունա-ռուսական կապերի առեւտրաարդյունաբերական պալատի կողմից դեկտեմբերի 15-ին Սալոնիկիում կազմակերպվող խորհրդաժողովին, որտեղ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի աշխատակիցները կներկայացնեն Միության նպատակներն ու խնդիրները, ինչպես նաեւ գործարար հնարավորություններն ու հեռանկարները Հունաստանի եւ Միության անդամ պետությունների համար, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Հետևեք մեզ նաև Telegram-ում