Նյու Յորքի քաղաքագլուխը դեկտեմբերի 13-ը հռչակել է Պան Գի Մունի օրը

Նյու Յորքի քաղաքագլուխը դեկտեմբերի 13-ը հռչակել է Պան Գի Մունի օրը

Նյու Յորքի քաղաքագլուխ Բիլ դե Բլազիոն դեկտեմբերի 13-ը հռչակել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Պան Գի Մունի օրը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, հայտնել է համաշխարհային կազմակերպության մամուլի ծառայությունը՝ ամփոփելով քաղաքագլխի հետ նրա վարչական ղեկավարի հանդիպման արդյունքները, որը կայացել է դեկտեմբերի 13-ին:

«Գլխավոր քարտուղարը շնորհակալություն հայտնեց քաղաքագլխին դեկտեմբերի 13-ը ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Պան Գի Մունի օրը հռչակելու համար, նշելով, որ իր համար դա հսկայական պատիվ է»,- ասված է հաղորդագրության մեջ: Պան Գի Մունը, որը գլխավոր քարտուղարի պաշտոնը թողնելու է երկուսուկես շաբաթ հետո, նաեւ երախտագիտություն է հայտնել Նյու Յորքի իշխանություններին ու բնակիչներին կազմակերպության կենտրոնակայանի ու նրա աշխատակիցների տեղավորման հարցում ցուցաբերած հյուրընկալության համար:

Անցած շաբաթ Նյու Յորքի քաղաքապետարանը զեկույց էր ներկայացրել, որում ասված է, որ քաղաքում ՄԱԿ-ի կենտրոնակայանի տեղակայումն օգնեց ստեղծել մոտավորապես 8 հազար աշխատատեղ, ինչպես նաեւ 3,7 մլրդ դոլարի չափով շահույթ բերեց գերքաղաքի գանձարանին: «Նյու Յորքը ոչ միայն տնտեսական ու մշակութային, այլեւ դիվանագիտական մայրաքաղաք է: Մենք հպարտանում ենք նրանով, որ մեզ մոտ ընդունել ենք ՄԱԿ-ի կենտրոնակայանն ու աշխարհի խոշորագույն դիվանագիտական հանրակցությանը»,- այդ կապակցությամբ հայտարարել է Բիլ դե Բլազիոն:

Պան Գի Մունը ՄԱԿ-ը գլխավորում է 2007 թվականից: Հոկտեմբերին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան հաջորդ գլխավոր քարտուղար նշանակեց Պորտուգալիայի նախկին վարչապետ Անտոնիու Գուտերիշին: Դեկտեմբերի 12-ին տեղի ունեցավ նրա երդմնակալության արարողությունը, իսկ հունվարի 1-ից Գուտերիշը ձեռնամուխ կլինի իր պարտականությունների կատարմանը:

Ինչպես սպասվում է, ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը դեկտեմբերի 14-ին բանաձեւ կընդունի, որում կնշի Պան Գի Մունի վաստակը գլխավոր քարտուղարի պաշտոնում: Երկու օր առաջ համանման փաստաթուղթ է ընդունել Գլխավոր ասամբլեան, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում