Գերմանիայի դիվանագիտական անձնագիր ունեցող անձինք դժվարությունների են հանդիպում Թուրքիայում

Գերմանիայի դիվանագիտական անձնագիր ունեցող անձինք դժվարությունների են հանդիպում Թուրքիայում

Թուրքիայի մեջլիսի փոխնախագահին փաստաթղթեր չունենալու պատճառով Գերմանիայի Քյոլնի օդանավակայանում սպասեցնել տալուց հետո պաշտոնական Անկարան շարունակում է Թուրքիայի օդանավակայաններում դժվարություններ ստեղծել Գերմանիայի դիվանագիտական անձնագիր ունեցող անձանց համար:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, գերմանական Deutsche Welle պարբերականի տվյալներով` միջադեպից հետո Գերմանիայի դիվանագիտական անձնագիր ունեցող 25 մարդ օդանավակայանում սպասեցվել է: Մանրամասն ստուգումներ անցկացնելու հետո միայն նրանց թույլ են տվել նստել ինքնաթիռ: Միջադեպերը գրանցվել են Անկարայի, Ստամբուլի և Իզմիրի օդանավակայաններում:

Նրանցից մեկն անգամ այդ ստուգումների պատճառով բաց է թողել իր թռիչքը:

Քյոլնում անհայտ անձինք գողացել էին Թուրքիայի Ազգային մեծ ժողովի փոխնախագահ Այշե Նուր Բահչեքափըլըի պայուսակը, որի մեջ են եղել անձնագիրն ու անձը հաստատող այլ փաստաթղթեր: Պատգամավորը ոստիկանությանը բողոք էր ներկայացրել, Թուրքիայի հյուպատոսարանից ժամանակավոր անձնագիր էր վերցրել, սակայն օդանավակայանում իրավապահ մարմինները նրան միառժամանակ պահել էին և որոշ հստակեցումներ անելուց հետո միայն թույլատրել վերադառնալ Թուրքիա:

Բահչեքափըլըն հայտարարել էր, որ օդանավակայանում վատ վերաբերմունքի է արժանացել, ձերբակալվել է և պահվել հանցագործների հետ: «Շատ նվաստացուցիչ էր իմ երկրի համար: Մենք գերմանացի կամ այլ օտարերկրյա խորհրդարանականի նկատմամբ հարգանք ենք դրսևորում: Շատ վատ պահ անցկացրի»,- ասել է Բահչեքափըլըն:

Գերմանիայի ոստիկանությունը հերքել է թուրք պատգամավորին ձերբակալելու փաստ: Գերմանական կողմը հայտնել է, որ օդանավակայանում միանգամից չեն թույլատրել թռիչքը, քանի որ Բահչեքափըլըի ունեցած ժամանակավոր անձնագրում չի եղել տեղեկություն վիզայի վերաբերյալ:

Փաստի առնչությամբ Թուրքիայում Գերմանիայի դեսպանը կանչվել էր ԱԳՆ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում