Ապօրինի հարստացումը քրեականացնող օրենքը հետադարձ ուժ չի ունենա

Ապօրինի հարստացումը քրեականացնող օրենքը հետադարձ ուժ չի ունենա

Ապօրինի հարստացումը քրեականացնող օրենսդրական նախաձեռնությունը հետադարձ ուժ չի կարող ունենալ, քանի որ դա թույլ չի տալիս Սահմանադրությունը: ՀՀ Քրեական օրենսգրքում լրացում կատարելու և ՀՀ քրեական դատավարության օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին օրենքների նախագծերի փաթեթի քննարկման ժամանակ այս մասին ասաց ՀՀ արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանը՝ պատասխանելով ՕԵԿ խմբակցության պատգամավոր Հովհաննես Մարգարյանի հարցին: «Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունը սահմանում է, որ խստացնող օրենքը հետադարձ ուժ չունի: Խստացնո՞ւմ է սա իրավիճակը, անկասկած, այո: Կարո՞ղ ենք մենք հետադարձ տալ այս օրենքին, ոչ»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նշեց Հովհաննիսյանը:

Նա հավելեց, որ հետադարձ ուժ տալ որևէ պարագայում չի կարող լինել՝ բերելով մի օրինակ: «Մենք մի քանի տարի առաջ ապաքրեականացրել ենք վիրավորանքն ու զրպարտությունը: Այսօր նման դեպքերի համար քաղաքացիաիրավական պատասխանատվություն է սահմանված: Պատկերացրեք, որ մենք մի քանի ամիս հետո կրկին քրեականացնում ենք զրպարտանքն ու վիրավորանքը: Մենք գնալո՞ւ ենք նախկինում արված զրպարտությունների և վիրավորանքների հետևից և պատասխանատվությա՞ն ենթարկենք մարդկանց, ովքեր նախկինում այդպիսի պահվածք են դրսևորել: Մենք դա չենք կարող անել, անգամ եթե բուռն ցանկություն ունենանք: Այնպես որ կարճ կլինեմ՝ հետադարձ ուժ տալ օրենքին, հնարավոր չէ»,- եզրափակեց նախարարը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում