ՀԱԿ-ն առաջընթաց է համարում ապօրինի հարստացումը քրեականացնող օրենսդրական նախաձեռնությունը

ՀԱԿ-ն առաջընթաց է համարում ապօրինի հարստացումը քրեականացնող օրենսդրական նախաձեռնությունը

Ազգային ժողովի ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանն առաջընթաց է համարում ապօրինի հարստացումը քրեականացնող օրենսդրական նախաձեռնությունը: Ազգային ժողովում ՀՀ քրեական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին և Քրեադատավարական օրենսգրքում լրացում կատարելու մասին նախագծերի փաթեթի քննարկման ժամանակ ՀԱԿ խմբակցության ղեկավարն ընդգծեց, որ սա մի նախաձեռնություն է, որի համար իրենք տարիներ շարունակ պայքարել են և պահանջատեր են եղել: «Այսօր մենք ստացել ենք մի օրինագիծ, որը թեև առաջընթաց է, սակայն դեռ բավարար չէ: Մենք կարծում ենք, որ այս օրենքին հարկավոր է հետադարձ ուժ տալ»,– «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նշեց Զուրաբյանը:

Նա հայտարարեց, որ «Հայ ազգային կոնգրես»-ը իր նախընտրական ծրագրի կարևոր դրույթներից մեկն է դարձնելու ապօրինի հարստացումը քրեականացնող օրենքին հետադարձ ուժ տալու մեխանիզմներ գտնելը: Նրա խոսքով՝ իրենք հասնելու են նրան, որ ստուգվեն բոլոր պաշտոնյաները, ովքեր տարբեր պաշտոններում պաշտոնավարել են՝ սկսած 1991թ.-ից:

Օրենքին հետադարձ ուժ տալու հարցը մինչ այդ բարձրացրել էր նաև ՕԵԿ խմբակցության պատգամավոր Հովհաննես Մարգարյանը, ինչին ի պատասխան հիմնական զեկուցող, ՀՀ արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանը հայտնել էր, որ օրենքին հետադարձ ուժ տալ հնարավոր չէ, քանի որ Սահմանադրության մեջ ամրագրված է, որ խստացնող օրենքները չեն կարող հետադարձ ուժ ունենալ:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում