Ադրբեջանն արագորեն գնում է դեպի 1993 թվականի ճգնաժամ

Ադրբեջանն արագորեն գնում է դեպի 1993 թվականի ճգնաժամ

Ադրբեջանի կառավարությունը ստեղծված ճգնաժամից ազգային տնտեսությունը դուրս բերելու եւ տնտեսության 11 գլխավոր հատվածների գծով հաստատած փաստաթղթով վստահեցնում է, որ երկիրը դուրս է գալու աղետալի ճգնաժամից, սակայն, ադրբեջանցի անկախ փորձագետներն այլ կարծիք ունեն:

Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով «Ազատություն» ռադիոկայանի ադրբեջանական ծառայությունը, Ադրբեջանում հայտնի տնտեսագետ-փորձագետ Գադիր Իբրահիմլին azadliq.info կայքի` այդ առնչությամբ հարցերին ի պատասխան հայտարարել է, որ Ադրբեջանն արագորեն գնում է դեպի 1993 թվականի ճգնաժամ:

Նա նշել է, որ ադրբեջանական կառավարության հիշյալ փաստաթուղթն ավելի շատ ակադեմիական ոլորտում է եւ համարժեք չէ Ադրբեջանի տնտեսության իրական վիճակին:

Նրա խոսքով` փաստաթղթում տեղ չեն գտել այնպիսի հիմնարար պայմանների ապահովում, ինչպիսիք են տնտեսության իրական վիճակը, հատկապես` բիզնես միջավայրը, սեփականության իրավունքի պահպանությունը, կապիտալի ազատ տեղաշարժը եւ անվտանգության ապահովման մեխանիզմը, առանց որոնց անգամ Նոբելյան մրցանակակիրները չեն կարող ստեղծված ճգնաժամից Ադրբեջանին հանելու համար ծրագիր պատրաստել:

«Փաստաթղթում նշվում է, որ Ադրբեջանի տնտեսությանը 27 միլիարդ մանաթ ներդրում է անհրաժեշտ: Եթե արդեն 130 միլիարդ ծախսել են եւ չեն կարողացել նորմալ տնտեսություն ստեղծել, ապա ինչպես են 27 միլիարդով դուրս գալու այս ճգնաժամից: Պետբյուջեն դոլարի հաշվարկով 60 տոկոսով նվազել է: 25 միլիարդ դոլարից բյուջեն այժմ նվազել է 10 միլիարդ դոլարի: Բյուջեում ինվեստիցիոն ծախսերը խիստ պակասել են: Մասնավոր հատվածն էլ չի վստահում Ադրբեջանի բիզնես միջավայրին, քանի որ Ադրբեջանում լուրջ խնդիրներ կան սեփականության անձեռնմխելիության մեջ, ապահովված չէ նաեւ կապիտալի ազատ տեղաշարժն ու անվտանգությունը», -ասել է նա:

Տնտեսագետը նշել է, որ ադրբեջանական կառավարությունը չի կարողանում աշխատել նաեւ օտարերկրյա ներդրողների հետ: Ավելին, ոչ նավթային հատվածում խոշոր ներդրումներ կատարած օտարերկրյա մի շարք ընկերություններ որոշ ժամանակ աշխատելուց հետո վռնդվել են երկրից, ինչից հետո ոչ մի լուրջ ինվեստոր, այդ թվում նաեւ արտասահմանում բնակվող ադրբեջանցի գործարար չի ցանկանում ներդրում կատարել Ադրբեջանում:

«Բանը նրանում է, որ կառավարությունն այժմ մտածում է ոչ թե ճգնաժամից դուրս գալու, այլ ամեն գնով առկա ստատուս-քվոն պահելու մասին: Կառավարությունը միայն «լիբերալացրել» է ճգնաժամը եւ նետել բնակչությանը: Ամբողջ ծախսերը, այդ թթվում` կրթության, առողջապահության պետք է կատարի բնակչությունը: Աճում են նաեւ այլ պետությունների ծառայությունների համար վճարման ծավալները:

Ադրբեջանն արագորեն գնում է դեպի 1993 թվականի ճգնաժամ: Երկիրը կանգնած է հիպերինֆլյացիայի շեմին, այսինքն` մտնում է փողի շրջանառության ամբողջական փլուզման, գների անընդհատ եւ արագորեն աճի փուլ: Մենք այդ ցնցումն ապրել ենք 90-ականների սկզբին», -ասել է նա եւ ընդգծել, որ կառավարության ներկայացրած ծրագիրն անխուսափելի է դարձնում հիպերինֆլյացիան:

Հետևեք մեզ նաև Telegram-ում