Մենք ոչ միայն խոսքով, այլև գործով երբեք բռնության կողմնակից չենք եղել. ՀՀ Նախագահն անդրադարձել է հուլիսյան դեպքերին

Մենք ոչ միայն խոսքով, այլև գործով երբեք բռնության կողմնակից չենք եղել. ՀՀ Նախագահն անդրադարձել է հուլիսյան դեպքերին

ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի պատկերացմամբ՝ հուլիսյան դեպքերի ժամանակ առիթ կար, երբ իշխանությունը կարող էր ցույց տալ իր ուժը, և որևէ միջազգային կառույց, որևէ այլ պետություն կշտամբանքի որևէ խոսք չէր կարող ասել, սակայն ՀՀ իշխանությունները երբեք բռնության կողմնակից չեն եղել: Այդ մասին Սերժ Սարգսյանը նշել է Ստեփանակերտում մշակույթի գործիչների հետ հանդիպմանը՝ անդրադառնալով հասարակության շրջանում բռնության դրսևորումների մասին հարցին: 

«Մենք ոչ միայն խոսքով, այլ նաև գործով երբեք բռնության կողմնակից չենք եղել: Մենք կոնկրետ փաստերի հետ ենք առնչվել, բայց գոնե 2008 թվականից հետո մենք ամեն ինչ արել ենք, որպեսզի բռնությունը որպես գործիք չօգտագործենք: Հուլիսյան դեպքերի ժամանակ, իմ պատկերացմամբ, մի առիթ էր, երբ իշխանությունը կարող էր ցույց տալ իր ուժը, և որևէ միջազգային կառույց, որևէ այլ պետություն կշտամբանքի որևէ խոսք չէր կարող ասել, բայց մենք, մեծ ռիսկի դիմելով, գնացինք քայլերի, որ ի վերջո շատ փոքր արյուն եղավ: Սա ոչ թե մենք արել ենք, որպեսզի մեզ ծափահարեն, այլ մենք օրինակ ենք ցույց տվել, թե ինչպես կարելի է, որ նույնիսկ բռնություն չի կարելի անվանել, վարվել մարդկանց հետ, ովքեր փորձում են զենքով փոխել իշխանությունը, զենքով գալ իշխանության»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ասել է ՀՀ Նախագահը՝ ավելացնելով, որ որքան էլ հասարակությունը զարգանա, և աշխարհի պատմությունը դա է ցույց տալիս, բռնությունները չեն բացառվելու մեր կյանքում:

«Վերցրեք եվրոպական ցանկացած երկիր, վերցրեք Միացյալ Նահանգները, օրական որքան մարդ են սպանում, ինչ մեթոդներով: Ինչպես ցանկացած հանցագործություն՝ բռնությունը միշտ լինելու է մարդկության բաղկացուցիչ մասը, իհարկե տարբեր ձևափոխումներով, տարբեր դրսևորումներով, բայց այնուհանդերձ, մնալու է և չափերն էլ են փոխվելու: Այստեղ մի շատ կարևոր խնդիր կա. կրթության մասնագետները, համենայն դեպս, մշտապես համարում են, որ այն կրթական համակարգը, որ կար Խորհրդային միությունում և մասնակիորեն շարունակվում է մեր երկրում, բավարար չէ լիարժեք մասնագետ պատրաստել ու համար:Հակառակը, այսօր էլ մեզ բազմաթիվ մարդիկ կշտամբում են նրա համար, որ արդեն մասնագիտացումը դպրոցից չի սկսվում և համարում են, որ կան բազմաթիվ առարկաներ, որոնք գերակայում են մասնագիտական առարկաներին: Եթե դուք համեմատեք մեր դպրոցները, որոնք հաջողություններ ունեն միազգային հարթակներում և սովորական դպրոցները, ապա կտեսնեք տարբերությունը»,- նշել է ՀՀ Նախագահը՝ հավելելով. «Օրինակ, ի՞նչ եք կարծում, քանի հոգի ելույթ ունեցան և դատապարտեցին հուլիսյան դեպքերը, մարդիկ, ովքեր իրենց համարում են մտավորականներ, մարդիկ, ովքեր իրենց համարում ե ն մշակութային գործիչներ: Բռնություն բացառելն, այո, իհարկե, պետության գործն է, բայց բոլորդ խոսում եք օրենքի գերակայության մասին: Պետությունն ինքը կոշտ միջոցներով օժտված մի հաստատություն է, և եթե պետությունն իր կոշտ միջոցները չկիրառի, ապա հասարակության մեջ կարգ ու կանոն չի լինի: Բայց բռնության բացառումը նաև քաղաքացիական հասարակության գործն է, միգուցե, առաջնահերթ գործն է: Ուզում եմ, որ տարբերակենք մշակութային գործիչը մտավորականից, պարտադիր չէ, որ մշակութային գործիչը լինի մտավորական»,- նկատել է ՀՀ Նախագահը՝ ավելացնելով, որ եթե մեր մտավո րականությունը շատ ավելի ակտիվ լինի՝ շատ հարցեր իրենց տեղը կընկնեն:

ՀՀ Նախագահի խոսքով՝ մտավորականն այն մարդն է, որն ունի արժեքային համակարգ, որի բաղկացուցիչ մասերից են արդարամտությունը, բարիությունը և խիզախությունը: Սարգսյանի համոզմամբ՝ եթե գոնե հարյուր, 120 մտավորական հուլիսյան դեպքերի ժամանակ արդար խոսք ասեին՝ շատ ավելի հեշտությամբ կհաղթահարվեր խնդիրը:

«Ես պետության պատասխանատվությունը չեմ նվազեցնում, ես պետության գործը չեմ ուզում մեկ ուրիշի վրա բարդել: Սակայն, ամբողջը թողնել պետությանը և ասել՝ եթե մեր դպրոցում առաջին դասարանից սկսենք դասական երաժշտություն հրամցնել մեր երեխաներին, ամեն ինչ լավ է լինելու. եթե այդքան հեշտ լիներ, վաղուց մենք էլ, ուրիշներն էլ դարձել էինք մի հասարակության անդամներ, որտեղ բռնությունը բացառված է»,– ասել է Սերժ Սարգսյանը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում