Պուտինը եւ Էրդողանը քննարկել են Հալեպի իրադրությունը

Պուտինը եւ Էրդողանը քննարկել են Հալեպի իրադրությունը

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը եւ Թուրքիայի նրա պաշտոնակից Ռեջեփ Թայիփ Էրդողանը դեկտեմբերի 14-ին կայացած հեռախոսազրույցի ընթացքում քննարկել են Հալեպի իրադրությունը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմնպրես»-ը, հաղորդել է Կրեմլի մամուլի ծառայությունը:

«Շեշտադրվել է համատեղ ջանքերն ուժեղացնելու անհրաժեշտությունը՝ հումանիտար իրադրությունը բարելավելու, Սիրիայում իրական քաղաքական գործընթացի գործարկմանն օժանդակելու նպատակով»,- ասված է հաղորդագրության մեջ:

Բացի այդ, կողմերն արծարծել են ռուս-թուրքական համագործակցության հարցերը, ներառյալ Էներգետիկայի ոլորտը:

Ինչպես հայտնել է Anadolu գործակալությունը՝ հղում անելով Թուրքիայի նախագահի վարչակազմի աղբյուրների, կողմերը համակարծիք են եղել, որ անհրաժեշտ է իրականացնել Հալեպում հրադադարի շուրջ ձեռք բերված պայմանավորվածությունները եւ ընդգծել են հումանիտար միջանցքներով խաղաղ բնակիչներին ու զինյալներին տարհանելու կարեւորությունը: Ընդ որում Էրդողանը պատրաստակամություն է հայտնել մարդասիրական օգնություն ցուցաբերել փախստականներին եւ նրանց ապահովել ժամանակավոր կացարանով:

Հետևեք մեզ նաև Telegram-ում