Ռոգոզինը մեկնել է Բաքու՝ քննարկելու զենքի մատակարարումները. «Կոմերսանտ»

Ռոգոզինը մեկնել է Բաքու՝ քննարկելու զենքի մատակարարումները. «Կոմերսանտ»

ՌԴ փոխվարչապետ Դմիտրի Ռոգոզինը դեկտեմբերի 15-ին կժամանի Բաքու՝ մասնակցելու միջկառավարական հանձնաժողովի հաջորդ օրը պլանավորված նիստին, Ադրբեջանի մայրաքաղաքում նա հանդիպում կունենա հանրապետության նախագահ Իլհամ Ալիեւի հետ եւ կքննարկի զենքի մատակարարումները: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, դեկտեմբերի 15-ին հայտնել է «Կոմերսանտ» թերթը:

Հրատարակության տեղեկությունների համաձայն, բանակցությունների ընթացքում, ընդհանուր համագործակցության հարցերի քննարկումից զատ, «օրակարգում առանձնացված է երկու միջոցառում՝ ՌԴ փոխվարչապետի հանդիպումը Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի հետ եւ բանակցությունները զենքի արտահանման շուրջ, որոնց մասնակցելու է Ռազմատեխնիկական համագործակցության դաշնային ծառայության առաջին փոխտնօրեն Անդրեյ Բոյցովը»:

Ինչպես նշել են Ռազմատեխնիկական համագործակցության համակարգում թերթի աղբյուրները, «ռուս բանակցորդների հիմնական խնդիրներից մեկը կդառնա ՌԴ-ի դիրքորոշման պարզաբանումը այս տարի Հայաստանին «Իսկանդեր» օպերատիվ-տակտիկական հրթիռային համալիրների մատակարարման շուրջ», հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Հետևեք մեզ նաև Telegram-ում