Իրանի դեմ պատժամիջոցների երկարացումը չի ազդի նրա միջուկային ծրագրին վերաբերող համաձայնագրի վրա. Քերի

Իրանի դեմ պատժամիջոցների երկարացումը չի ազդի նրա միջուկային ծրագրին վերաբերող համաձայնագրի վրա. Քերի

Իրանի դեմ սահմանված ամերիկյան պատժամիջոցների երկարացումը չի ազդի նրա միջուկային ծրագրին վերաբերող համաձայնագրի վրա, Միացյալ Նահանգներն առաջվա պես հանձնառու է այդ համաձայնագրի պայմանների կատարման հարցում: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, ասված է ԱՄՆ-ի պետքարտուղար Ջոն Քերիի գրավոր հայտարարության մեջ, որը դեկտեմբերի 15-ին տարածվել է Իսլամական Հանրապետության նկատմամբ սահմանված պատժամիջոցները եւս տասը տարով երկարացնելու կապակցությամբ:

Դրանում նշվում է, որ «Միացյալ Նահանգները կշարունակի կատարել իր պարտավորությունները իրանական միջուկային ծրագրի վերաբերյալ Գործողությունների համատեղ համապարփակ ծրագրին համապատասխան, որը 2015 թվականի հուլիսի 14-ին համաձայնեցվել է Վիեննայում: Քերին հայտնել է, որ դրանում նա հավաստիացրել է Իրանի հետ այդ համաձայնագրի պատրաստման գծով ԱՄՆ-ի գործընկերներին (ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի մշտական անդամներին ու Գերմանիային), ինչպես նաեւ Իրանի արտաքին գործերի նախարար Մոհամադ Ջավադ Զարիֆին:

«Իրանի դեմ պատժամիջոցների մասին օրենքի գործողության երկարացումը ոչ մի կերպ չի ազդի այդ երկրի նկատմամբ պատժամիջոցների ռեժիմի թուլացման վրա եւ առեւտրային ընկերություններին չի խանգարի գործակցել նրա հետ»,-ճշտել Է պետքարտուղարը:

Ինչպես արդեն տեղեկացվել Է, ԱՄՆ-ը եւս տասը տարով երկարացրել Է Իրանի դեմ պատժամիջոցների մասին օրենքի գործողությունը: Փաստաթուղթն ուժի մեջ Է մտել դեկտեմբերի 15-ի կեսգիշերին:

Ամերիկյան օրենսդրությանը համապատասխան, մինչ այդ նախագահ Բարաք Օբաման պարտավոր Էր կա՛մ ստորագրել, կա՛մ մերժել ավելի վաղ ԱՄՆ-ի Կոնգրեսի կողմից ընդունված հակաիրանական պատժամիջոցների երկարացման օրինագիծը: «Սակայն նա չարեց ո՛չ մեկը, ո՛չ մյուսը, ուստի եւ փաստաթուղթն ինքնաբերաբար օրենք դարձավ»,-պարզաբանել Է գործակալությունը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում