ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը կքննարկի Հալեպից տարհանման ընթացքը

ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը կքննարկի Հալեպից տարհանման ընթացքը

ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը դեկտեմբերի 16-ի առավոտյան նստաշրջանում կքննարկի Հալեպից տարհանման ընթացքը: Խորհրդի աշխատանքի ծրագրի համաձայն՝ ժամը 10:00-ին (Երեւանի ժամանակով ժամը 19:00-ին) ՄԱԿ-ի ԱԽ-ն նիստ կանցկացնի մերձավորարեւելյան կարգավորման շուրջ, որի ավարտից հետո փակ կոնսուլտացիաների ձեւաչափով կքննարկի Հալեպի իրադրությունը:

Ավելի վաղ Ֆրանսիան խնդրել էր ՄԱԿ-ի հումանիտար առաքելությանը շտապ կարգով Անվտանգության խորհրդի անդամներին ծանուցել Հալեպից խաղաղ քաղաքացիների տարհանման ընթացքի մասին: Ինչպես լրագողներին ասել է ՄԱԿ-ին առընթեր երկրի մշտական ներկայացուցիչ Ֆրանսուա Դելատրը, «մենք ցանկանում ենք հստակ պատկերացում կազմել տեղի ունեցողի մասին»: Ինչպես սպասվում է բրիֆինգով հանդես կգա ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի հումանիտար հարցերով տեղակալ Ստիվեն ՕԲրայենը:

Ինչպես նախօրյակին ՌԻԱ Նովոստիին հայտնել են Կարմիր խաչի միջազգային կոմիտեում, կոմիտեին Սիրիայի արաբական Կարմիր մահիկի հետ համատեղ հաջողվել է Հալեպի արեւելյան մասից դուրս բերել ավելի քան հազար մարդու, ներառյալ 26 վիրավորների, լիակատար տարահանումը կարող է պահանջել մի քանի օր:

Հետևեք մեզ նաև Telegram-ում