Խեղկատակից նեղանալ չի կարելի

Խեղկատակից նեղանալ չի կարելի

Յուրաքանչյուրն ինքն է որոշում իր տեղը կյանքում: Մարդիկ սովորաբար փորձում են գտնել այն հարթակը, որտեղ կարող են հնարավորինս դրսևորել իրենց: Ժամանակին սոցցանցերի բացակայության արդյունքում, ոչ բոլորի փորձերն էին հաջողությամբ պսակվում ու շատերի երազանքներն ու մտահաղացումները հաճախ մնում էին անկատար: Սակայն այժմ սոցցանցերի ու հատկապես ֆեյսբուքի առկայության պայմաններում, ստեղծված է հնարավորինս լավագույն հարթակը, որտեղ նույնիսկ խեղկատակը կարող է հասնել ցանկալի արդյունքների ու հագուրդ տալ իր «քաղաքական» մտատահաղացումներին:

Որևէ մեկը չի կարող խեղկատակին մեղադրել, երբ նա փորձում է իր պատկերացմամբ փայլուն մտքերն ու իր պատկերացմամբ հաջողված հումորները տեղադրել իր ֆեյսբուքյան պատին: Բնականաբար իր սեփական պատն է ու մարդը գտել է այն լավագույն հարթակը, երբ այլոք ծափահարում են ներկայացված գռեհիկ տափակություններին, անվանելով այն դերասանական արվեստ, խեղկատակին էլ հանճար: 

Բայց միանգամայն այլ է, երբ այդ տգեղ երևույթն ու գռեհկությունը դուրս է գալիս ֆեյսբուքյան պատի սահմաններից ու թափանցում հեռուստատեսություն: Միանգամայն այլ է, երբ խեղկատակը իր գռեհկությանը փորձում է հաղորդել լրջություն, դրանով վարկաբեկելով ողջ քաղաքական դաշտը ու ողջ պետական համակարգն իր բոլոր ինստիտուտներով:

Անվիճելի է, որ հասարակությունը հիասթափված է քաղաքական համակարգից ու ընտրական պրոցեսներից: Դրանում մեղավոր են առաջին հերթին հենց քաղաքական դաշտի դերակատարներն ու հատկապես իշխանությունները: Սակայն երբ ընտրություններից առաջ փորձ է արվում ոչ միայն վարկաբեկել, այլև անլրջացնել քաղաքական պրոցեսները, ապա այդտեղ կարող է լինել կամ հստակ միտում, կամ պարզապես խեղկատակին հատուկ տհասություն:

Որպես հումոր այն կարելի է համարել տապալված, իսկ միտման դեպքում պտուղները հնարավոր է քաղել ոչ հեռու ապագայում: Երբ հիասթափված հասարակությանը ոգևորելու փոխարեն ավելի են խորացնում առկա տրամադրությունն ու լիովին վարկաբեկում ընտրական գործընթացը, դրանով ընտրողի ու ընտրությունների միջև սահմանում են անջրպետ:

Հաշվի առնելով որ քաղաքական զարգացման գլխավոր գրավականը ընտրություններն են, ապա պասիվ ընտրազանգվածը կարող է լինել լավագույն նվերը այն ուժին կամ ուժերին, ովքեր այնքան էլ շահագռգռված չեն համակարգի հետագա զարգացմամբ, քանի որ յուրաքանչյուր զարգացում իր հետ հնարավոր է բերի նաև արմատական փոփոխություններ: Ինչպես կասեն քրեագետները, հանցագործին պետք է փնտրել այնտեղ, ում ձեռնտու է հանցագործությունը:

Բացի այդ պատմությունը ցույց է տալիս, որ ցանկացած արքունիք ունեցել է իր խեղկատակը, որն ասել է այն, ինչ չեն ցանկացել ասել տերերը: Իսկ խեղկատակից նեղանալ չի կարելի: Հայտնի պալատական խեղկատակ Շիկոն սիրում էր կրկնել, որ իրենից պետք չի նեղանալ, քանի որ ինքը հիմար է:

Արմեն ՄԱՐՏՈՒՆԻ

Հետևեք մեզ նաև Telegram-ում