Մարդիկ ծերացել են իրենց աթոռների վրա, թող գան երիտասարդները. Արշակ Արշակյան

Մարդիկ ծերացել են իրենց աթոռների վրա, թող գան երիտասարդները. Արշակ Արշակյան

Այսօր՝ դեկտեմբերի 16-ին, «Միասնություն» համազգային շարժումն անցկացրեց հերթական կլոր սեղան-քննարկումը, այս անգամ՝ «Հասարակություն-Բանակ-Պետություն» խորագրով:

Քննարկման բանախոս, «Տիգրան Մեծ» գնդի հրամանատարներից՝ Արշակ Արշակյանը, ելույթը սկսելուց առաջ, նախևառաջ շնորհակալություն հայտնեց «Միասնություն» շարժման խմբի անդամներին՝ կարևորագույն խնդիրները մշտապես բարձրացնելու համար, քանի որ նման հանդիպումներով հնարավորություն է տրվում քաղաքական և հասարական շրջանակներին՝ միանալ մեր երկրի ապագայի և հզորացման հարցերում:

Արշակ Արշակյանը, անդրադառնալով այսօրվա թեմային, կարծիք հայտնեց, որ պետություն-բանակ-հասարակություն փոխհարաբերություններում ամենակարևորը վստահությունն է.

«Պետություն-բանակ-հասարակություն կապը միշտ եղել է և կլինի: Սակայն այսօր կապը կտրողը իշխանությունն է, քանի որ խանգարողները շատ են և նրանց պատճառով մենք այսօր ունենք այն, ինչ ունենք: Ապրիլյան իրադարձությունը քառօրյա պատերազմ չէր: Այստեղ էլ բոլորս մեր սխալը պետք է ընդունենք: Խնդիրն այն է, որ մենք ուզում ենք ուղղել մեր սխալը, սակայն կարևոր մարդիկ, ովքեր պետք է ընդունեն՝ չեն ընդունում»,- ասաց Արշակ Արշակյանը:

Բանախոսը նշեց, որ մեր բանակը հզոր է, պարզապես՝ բոլորը պետք է իրենց տեղերում լինեն.

«Մի խումբ մարդիկ ոչ խիղճ ունեն, ոչ պարտավորություն, չես էլ իմանում՝ ինչ ազգ են. եթե հայավարի չեն մտածում, պետք է ձերբազատվել այդ մարդկանցից: Նմաններին գցում ես խմորի մեջ, «մխտռում են» ամեն ինչ: Փաստն այն է, որ մարդիկ իրենց աթոռների վրա ծերացել են, հիմա սերնդափոխություն կա, լավ երիտասարդներ ունենք, որոնց շնորհիվ երկիրը կարող է ոտքի կանգնել»,- իր խոսքը եզրափակեց պարոն Արշակյանը:

Սոնա Հարությունյան

Հետևեք մեզ նաև Telegram-ում