Հայաստանում խրախուսում են լրագրողներին առավել ակտիվ անդրադառնալ թրաֆիքինգի խնդիրներին

Հայաստանում խրախուսում են լրագրողներին առավել ակտիվ անդրադառնալ թրաֆիքինգի խնդիրներին

Մարդկանց թրաֆիքինգի և դրա դեմ պայքարի լուսաբանման ամենամյա մրցանակաբաշխությունը, որն անցկացվում է արդեն հինգերորդ տարին, տեղի ունեցավ դեկտեմբերի 16-ին` լրագրողներին խրախուսելով ավելի ակտիվ լուսաբանել մարդկանց թրաֆիքինգի խնդիրները: Մրցանակաբաշխությունը նախաձեռնել է Հայաստանի Հանրապետությունում մարդկանց թրաֆիքինգի և շահագործման դ եմ պայքարի հարցերով խորհուրդը (Խորհուրդ), որը ղեկավարում է ՀՀ փոխվարչապետ, Միջազգային տնտեսական ինտեգրման և բարեփոխումների նախարար Վաչե Գաբրիելյանը:

Մրցույթի նպատակն է խրախուսել այն լրագրողներին, որոնք իրենց աշխատանքներում անդրադառնում են մարդկանց թրաֆիքինգի երևույթին, հանրությանը տեղեկացնում դրա բացասական ազդեցությունների մասին, մատնացույց անում ելքերը՝ նպաստելով թրաֆիքինգ երևույթի և դրա դեմ պայքարի աշխատանքների մասին հանրային իրազեկման բարձրացմանը:

Մրցանակների հանձնման արարողությանը բացման խոսքով հանդես եկան ՀՀ փոխվարչապետ, Միջազգային տնտեսական ինտեգրման և բարեփոխումների նախարար, ՀՀ-ում մարդկանց թրաֆիքինգի և շահագործման դեմ պայքարի հարցերով խորհրդի նախագահ Վաչե Գաբրիելյանը և ԱԳՆ միջազգային կազմակերպությունների վարչության պետ, ՀՀ-ում մարդկանց շահագործման/թրաֆիքինգի դեմ պայքարի միջգերատեսչական աշխատանքային խմբի ղեկավար Վահրամ Կաժոյանը:

Մրցույթի կազմակերպիչ, Ինֆորմացիայի ազատության կենտրոնի նախագահ Լիանա Դոյդոյանը հայտարարեց մրցույթի արդյունքները: Պարգևներ հանձնվեցին «Հեռուստատեսություն և ռադիո», «Տպագիր և առցանց լրատվամիջոցներ» անվանակարգերում:

Մրցանակակիրներին հանձնվեցին հավաստագրեր, ինչպես նաև մրցանակային տեղերի համար սահմանված դրամական պարգևներ՝ 300, 200 և 100 հազար դրամ՝ համապատասխանաբար առաջին, երկրորդ և երրորդ տեղերի համար: Արարողությանը ներկա էին Խորհրդի և խորհրդին կից միջգերատեսչական աշխատանքային խմբի անդամներ, պետական պաշտոնյաներ, միջազգային և տեղական կազմակերպությունների ներկայացուցիչներ, փորձագետներ և լրագրողներ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում