ԵԱՀԿ-ում ԱՄՆ դեսպանը մտահոգություն է հայտնել Ադրբեջանում մարդու իրավունքների խախտումների վերաբերյալ

ԵԱՀԿ-ում ԱՄՆ դեսպանը մտահոգություն է հայտնել Ադրբեջանում մարդու իրավունքների խախտումների վերաբերյալ

Եվրոպայում անվտանգության եւ համագործակցության կազմակերպությունում (ԵԱՀԿ) ԱՄՆ դեսպան Դանիել Բաերը ԵԱՀԿ մշտական խորհրդում կրկին կոչ է արել Ադրբեջանի իշխանություններին վերջ դնել մարդու իրավունքների եւ ազատությունների խախտումներին:

Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է ադրբեջանական contact.az-ը:

Բաերը, հիշեցնելով, որ ինքը դեկտեմբերի 3-ին անհանգստություն էր հայտնել Ադրբեջանում քաղաքացիական ակտիվիստ Գիյաս Բայրամովին քաղաքական եւ այլ շինծու մեղադրանքներով 10 տարի ազատազրկման ենթարկելու դեպքի վերաբերյալ, նշել է, որ դեկտեմբերի 8-ին այդ երկրի իշխանությունները այդպիսի մեղադրանքներով ազատազրկման են ենթարկել նաեւ մեկ այլ ակտիվիստի` Բայրամ Մամեդովին:

«Մենք խիստ անհանգստացած ենք NIDA շարժման այդ երկու ակտիվիստների հետ կապված իրավիճակով, կոչ ենք անում Ադրբեջանի իշխանություններին ազատ արձակել Իբրահիմովին, Մամեդովին եւ մյուս քաղբանտարկյալներին, թույլ տալ նրանց իրացնելու խոսքի ազատության, հանրահավաքների եւ միավորման իրենց հիմնարար իրավունքները»,- ասել Դանիել Բաերը:

Դեսպանը ԱՄՆ-ի անունից կոչ է արել նաեւ հանել լրագրող Խադիջա Իսմայիլովայի՝ երկրից դուրս գալու արգելքը եւ կատարել ԵԱՀԿ-ում Ադրբեջանի ստանձնած միջազգային պարտավորությունները:

Քաղաքացիական ակտիվիստներ Բայրամ Մամեդովը եւ Գիյաս Իբրահիմովը Բաքվում Հեյդար Ալիեւի արձանի վրա կարգախոս գրելու պատճառով ձերբակալվել են: Երիտասարդներին, սակայն մեղադրանք է առաջադրվել թմրանյութերի ապօրինի ձեռքբերման, պահպանման եւ իրացման հատկանիշներով, եւ դատապարտվել են 10 տարվա ազատազրկման:

Ադրբեջանցի իրավապաշտպան Լեյլա Յունուսը նոյեմբերի 30-ին Եվրախորհրդարանում Ադրբեջանի վերաբերյալ լսումների ժամանակ ուշադրություն էր հրավիրել երկրում մարդու իրավունքների խախտումների նկատմամբ:

Յունուսը Եվրախորհրդարանում ներկայացրել էր 160 քաղբանտարկյալների ցուցակը և հորդորել էր պատգամավորներն ակտիվ պայքար մղել` նրանց ազատ արձակելու նպատակով:

Հետևեք մեզ նաև Telegram-ում