«Արամ Կարապետյանը Եվրամայդանին չի մասնակցել». Մայդանի ակտիվիստ

«Արամ Կարապետյանը Եվրամայդանին չի մասնակցել». Մայդանի ակտիվիստ

Արամ Կարապետյան անուն֊ազգանունով երիտասարդ, ում ադրբեջանական մամուլը ներկայացնում է իբրև իբրև Ուկրաինայում տեղի ունեցած հեղափոխության և Եվրամայդանի ակտիվ մասնակից, չեմ ճանաչում։ Երբեք այդ անձնավորությանը Մայդանում չեմ տեսել, նրա հետ չեմ շփվել։ Այս մասին, Times.am-ի թղթակցի հետ զրույցում ասել է Եվրամայդանի ակտիվ մասնակից, նկարիչ Բորիս Եղիազարյանը։

«Այդ օրերին մայդանում շատ հայեր կային։ Հիմնականում բոլորս շփվում էինք միմյանց հետ, համակարգում մեր գործողությունները։ Սակայն Արամ Կարապետյանին ես երբեք չեմ տեսել այնտեղ։ Ավելին՝ այսօր նրա մասին հարցուփորձ արեցի նաև այլ հայ ակտիվիստների և պետք է ասեմ, որ նրան ոչ ոք չի ճանաչում և երբևէ չի հանդպել։ Այդ տղան երբեք չի առնչվել նաև Ուկրաինայի հայ համայնքի հետ», ֊ ասել է Բորիս Եղիազարյանը՝ վստահություն հայտնելով, որ ադրբեջանական լրատվամիջոցները պարզապես ստում են՝ ասելով, թե Արամ Կարապետյանը Ուկրաինայում բնակվող հայ է և Եվրամայդանի ակտիվիստ։

«Եթե նա իսկապես այստեղ է ապրում, ապա ես դեմ չէի լինի հանդիպել նրան և մի քանի հարց ուղղել։ Բայց վստահ եմ, որ այդ նյութն ամբողջությամբ ադրբեջանական հատուկ ծառայությունների հորինվածքն է։ Այնտեղ մանիպուլացիան ավելի շատ է, քան իրականությանը համապատասխանող տեղեկությունները», ֊ ասել է Բորիս Եղիազարյանը։

Հիշեցնենք, որ ադրբեջանական լրատվամիջոցներն այսօր լուր էին տարածել, իբր Արամ Կարապետյան անունով մի երիտասարդ Արցախը Ադրբեջանին զիջելու անհրաժեշտության մասին հայտարարությամբ է հանդես եկել և միացել Բաքվի պաշտոնական քարոզարշավին։

Հետևեք մեզ նաև Telegram-ում