Վերսկսվել է մարդկանց տարահանումն արեւելյան Հալեպից

Սիրիայի Հալեպ քաղաքից վերսկսվել է այն մարդկանց տարահանումը, որոնք արգելափակված էին մնացել քաղաքի արեւելյան մասում: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, հաղորդել է BBC-ն՝ հղում անելով բժիշկներին եւ դիտորդներին:

Դեկտեմբերի 18-ի երեկոյան արեւելյան Հալեպից շուրջ 350 մարդ է կարողացել հեռանալ հինգ ավտոբուսներով, հայտնել է Ահմադ ալ Դբիսը, որը գլխավորում է դեպի Խան ալ Ասել տարահանումը համակարգող բժիշկների խումբը, որտեղից այնուհետեւ կարելի է մեկնել քաղաքի այլ շրջաններ կամ Իդլիբի նահանգ:

Տարահանումը վերսկսելու մասին դեկտեմբերի 18-ի երեկոյան Reuters գործակալությանը հայտնել է Սիրիայում ՄԱԿ-ի ներկայացուցիչը: Հալեպից խաղաղ բնակիչների դուրսբերման գործողությունն սկսվել է դեկտեմբերի 15-ին: Այդ պահից քաղաքի արեւելյան մասից հեռացել է մի քանի հազար մարդ:

Տարահանումն ընթանում է անկանոն եւ ընդհատումներով, քանի որ Սիրիայի կառավարությունը եւ ապստամբները մշտապես միմյանց մեղադրում են հրադադարի համաձայնագրի պայմանների խախտման մեջ:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում