Դատախազությունը կոռուպցիայի մեղադրանքներ առաջադրեց Հարավային Կորեայի նախագահի նախկին օգնականին

Կորեայի Հանրապետության դատախազությունը կոռուպցիայի մեղադրանքներ է առաջադրել Հյոն Գի Հվանին՝ երկրի նախագահի պաշտոնից ժամանակավորապես հեռացված Պակ Կըն Հեի նախկին օգնականին: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, հայտնել է հսկիչ գերատեսչությունը:

«Հյոն Գի Հվանը կասկածվում է 430 մլն վոն (362 հազար դոլար) գումարի կաշառքներ վերցնելու մեջ, մասնավորապես, շինարարական ֆիրմայի ներկայացուցչից, որը նրա օգնությամբ երկնաքերի կառուցման թույլտվություն է ստացել Պուսան քաղաքի առողջարանային շրջանում»,– ընդգծում է դատախազությունը:

Պակ Կըն Հեի նախագահական լիազորությունները ժամանակավորապես կասեցվել են այն բանից հետո, երբ դեկտեմբերի 9-ին խորհրդարանը քվեարկեց նրա պաշտոնազրկման օգտին: Պետության ղեկավարի պաշտոնակատար դարձավ երկրի վարչապետ Հվան Գյո Անը: Իշխանությունից նախագահի հեռացման գործընթացը վերջնականապես կավարտվի Սահմանադրական դատարանի կողմից քվեարկության արդյունքների հաստատումից հետո:

Պակ Կըն Հեին մեղադրում են իր մերձավոր ընկերուհուն՝ Չխվե Սուն Սիլին հովանավորելու մեջ, որը հայտնվել Է աղմկալի կոռուպցիոն սկանդալի կենտրոնում: Նոյեմբերի 20-ին Կորեայի Հանրապետության դատախազությունը հրապարակել է Չխվե Սուն Սիլի, ինչպես նաեւ նախագահական վարչակազմի երկու նախկին աշխատակիցների գործով հետաքննության միջանկյալ արդյունքները. նրանց մեղադրանքներ են առաջադրվել կոռուպցիայի, կաշառաշորթության եւ ծառայողական լիազորությունների չարաշահման համար: Մասնավորապես, խոսքը վերաբերում է մի շարք ընկերությունների վրա իբր գործադրված ճնշմանը՝ նրանց կողմից այն հիմնադրամներին տասնյակ միլիոնավոր դոլարների փոխանցման նպատակով, որոնք վերահսկվում էին Չխվե Սուն Սիլի կողմից: Թեեւ նման ճնշման փաստը մինչ այժմ ապացուցված չէ, քննիչները ենթադրում են, որ Պակ Կըն Հեն առնվազն տեղյակ Է եղել տեղի ունեցածին, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում