Ավելի քան 104 հազար մարդ է լքել տները Մոսուլի ազատագրման գործողության ընթացքում

Ավելի քան 104 հազար մարդ է հարկադրված եղել լքել տները «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման զինյալներից իրաքյան Մոսուլի ազատագրման ռազմական գործողության երկու ամսվա ընթացքում: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, հայտնել է Միգրացիայի միջազգային գործակալությունը (ՄՄԳ) :

Մոսուլի շրջանում հարկադիր վերաբնակների վիճակագրության համաձայն, որը ՄՄԳ-ն վարում է հոկտեմբերի 18-ից, ռազմական գործողության պատճառով տները հարկադրված լքել է 104 հազար 224 մարդ կամ մոտավորապես 17 հազար 404 ընտանիք:

Առավել մեծ թվով հարկադիր վերաբնակներ են բաժին ընկնում Նայնավայի նահանգին, որտեղ գտնվում է Մոսուլը՝ 103 հազար 212 մարդ: Բուն Մոսուլը լքել է 32 հազար 640 մարդ:

ԻՊ-ից Մոսուլի ազատագրման գործողությունը շարունակվում է հոկտեմբերի 17-ից, դրան մասնակցում են իրաքցի զինվորականներ, քրդական ուժեր, աշխարհազոր եւ ԱՄՆ-ի գլխավորությամբ գործող միջազգային կոալիցիայի ռազմաօդային ուժերը, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Հետևեք մեզ նաև Telegram-ում