Հայաստանը կարող է դառնալ տարանցիկ ճանապարհ բեռնափոխադրումների համար

2016 թվականին փորձնական գործարկվել է Եվրոպայից Իրան Հայաստանի տարածքով մուլտիմոդալ բեռնափոխադրումների ծրագիրը: Այն բավականին հաջող ընթացք է ունեցել: Այս մասին տարեվերջյան մամուլի ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանը: Նրա խոսքով` նոյեմբեր ամսին փորձնական տարբերակով 2 կոնտեյներ Եվրոպայից տեղափոխվեց Փոթի, այնուհետեւ երկաթուղով Հայաստան` «Երասխ» կայարան, ապա ավտոտրանսպորտով ` Իրան: «Կոնտեյներները Վրաստանի եւ Հայաստանի տարածքը հատեցին 38 ժամում: Արդյունքը գոհացնող է, կանոնավոր դառնալու դեպքում կմեծանա միջազգային փոխադրումների ծավալը»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ, ասաց նախարարը:

Վահան Մարտիրոսյանը հույս հայտնեց, որ շուտով կկազմակերպվի նաեւ Իրանից դեպի Եվրոպա այդպիսի փոխադրում եւ, հաջողությամբ ընթանալու դեպքում, Հայաստանը կդառնա տարանցիկ ճանապարհ բեռնափոխադրումների համար:

«Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ի մասով էլ նախարարը ներկայացրեց, որ 2016 թվականին 100 տոկոսով կատարվել է ներդրումային ծրագիրը: «Ներդրվել է 106.1 մլրդ դրամ, այդ թվում ` ենթակառուցվածքներ` 79.1 մլրդ, շարժակազմ` 27 մլրդ. դրամ»,-հավելեց նա:

Հետևեք մեզ նաև Telegram-ում