Հալեպի արեւելյան թաղամասերից մեկնել է զինյալներին փոխադրող երրորդ ավտոշարասյունը

Սիրիայի Հալեպ քաղաքի արեւելյան թաղամասում գտնվող Սալահ Էդ Դին, Անսարի, Մեշհեդ եւ Զիբդիա թաղամասերից մեկնել Է զինյալներին ու նրանց ընտանիքներին փոխադրող երրորդ ավտոշարասյունը: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, հղում անելով Al Manar հեռուստաալիքին, 25 ավտոբուսներից բաղկացած շարասյունը ժամանել էր Ռամուսի Էստակադայի շրջան, որտեղից կուղեւորվի Խան Թոուման եւ Ռաշիդին, որոնք վերահսկում է զինված ընդդիմությունը:

Ինչպես սպասվում է, անօրինական կազմավորումների անդամներն ու նրանց ընտանիքներն այնտեղից կուղարկվեն Ուրում Էլ Կուբրա բնակավայր, որը գտնվում է Թուրքիայի հետ սահմանի մերձակայքում: Ավելի վաղ ավտոբուսներով երկու խմբերով Ռաշիդին էին հասցվել 1050 եւ 380 մարդ: Ընդամենը, «Ալ Մայադին» հեռուստաալիքի տեղեկատվության համաձայն՝ Հալեպից կտարհանվի ավելի քան 6 հազար մարդ, այդ թվում՝ շուրջ 3 հազար զինյալ:

Ձեռք բերված պայմանավորվածությունների համաձայն՝ Հալեպից զինված խմբավորումների մնացորդների դուրսբերումը կիրականացվի Իդլիբի նահանգում գտնվող շիաբնակ էլ Ֆուա եւ Քեֆրայա բնակավայրերից տուժած բնակիչների եւ վիրավոր աշխարհազորայինների դուրսբերմանը զուգահեռ: Նրանց փոխադրող առաջին շարասյունը, որը բաղկացած էր տասն ավտոբուսներից, դեկտեմբերի 19-ի առավոտյան հասել է Հալեպ: Այնտեղ 760 փախստականների եւ Ազգային պաշտպանության ուժերի մի խումբ վիրավոր մարտիկների բուժօգնություն կցուցաբերվի եւ կտրամադրվի ժամանակավոր կացարան, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում