Րաֆֆի-Ֆիլիպ Կալֆայանն առաջարկում է հակահարձակման ռազմավարություն մշակել ընդդեմ թուրք-ադրբեջանական հակահայկական արշավների

«Անձամբ այն կարծիքին եմ, որ Հայոց Ցեղասպանության ժխտումը քրեականացնող առանձին օրենքներն անօգուտ են և հայերի կողմից պաշտպանողական բնույթ են կրում։ Մենք կարծես անընդհատ փորձում ենք ապացուցել, որ ցեղասպանության ենք ենթարկվել։ Ինչո՞ւ։ Որևէ բան ապացուցելու կարիք ամենևին էլ չկա», – Panorama.am-ի հետ հարցազրույցում ասաց միջազգային իրավունքի հայտնի մասնագետ, Փարիզի Համալսարանի գիտաշխատող և իրավախորհրդատու Րաֆֆի-Ֆիլիպ Կալֆայանը, ով մասնագիտացած է միջազգային հանրային իրավունքի ոլորտում։

«Հայոց Ցեղասպանությունը պատմական և քաղաքական փաստ է, որը ճանաչվել է պետությունների, միջազգային հանրության մեծամասնության, ինչպես և ցանկացած լուրջ գիտնականի կողմից։ Մենք ժամանակ, էներգիա և գումարներ ենք վատնում դա անելու համար, մինչդեռ նման օրենքներն այնքան էլ չեն ողջունվում ժողովրդավարական հասարակարգերում ապրող հանրության ներկայացուցիչների կողմից, ինչն ավելի ու ավելի է սկսում ընկալվել որպես սահմնափակում ազատ խոսքի իրավունքի իրացման վրա։ Նման գործողություններն արդյունավետ չեն և ոչ միայն հայկական հարցի իմաստով, այլ նաև հասարակական կարծիքի համար այն երկրներում, որտեղ ապրում ենք», – ասաց Կալֆայանը, խոսելով «Փերինչեքն ընդդեմ Շվեյցարիայի» ՄԻԵԴ ստորին պալատի վճռի երրորդ տարելիցի նախաշեմին։

Անդրադառնալով Եվրոպական դատարանի վճռի հետևանքներին, ինչպես նաև Ադրբեջանի և Թուրքիայի կողմից միջազգայնորեն հակահայկական ատելություն սերմանող արշավը զսպելու հնարավորություններին, իրավապաշտպանը նշեց, թե Հայաստանը պետք է որդեգրի նոր և թարմ մոտեցումներ։

«Անհրաժեշտ է, որպեսզի առաջ անցնենք և սկսենք հակահարձակման գործողություններ, փոխհատուցումների հայցեր ներկայացնելով», – ասաց միջազգային իրավապաշտպանը և հավելեց. «Ցանկացած հայ անհատ, հայկական ամեն մի կառույց, ովքեր ունեն կորցված ունեցվածքի փաստաթղթերը, պետք է մեկնեն Թուրքիա և հայցեր ներկայացնեն տեղական դատարաններում։ Ներկայումս Թուրքիայի արդարադատության համակարգում կան քննվող մի քանի նմանօրինակ գործեր», – ասաց Կալֆայանը, նշելով, թե այդ ռազմավարության մեկ այլ դրսևորում պետք է լինի հավաքական հայցերի ներկայացումը, «որոնք կվերաբերվեն հայ ժողովրդի` որպես մեկ ընդհանրության պատճառված վնասի փոխհատուցմանը` լինի դա ֆինանսական կամ բարոյական։ Դա շատ ավելի բարդ հարց է, որը կպահանջի իրավագիտական և ռազմավարական մոտեցում», – ասաց Կալֆայանը։
Հիշեցնենք, որ թուրք ազգայնական քաղաքական գործիչ, Թուրքիայի Աշխատավորական կուսակցության ղեկավար Դողու Փերինչեքը 2005թ․-ի մայիս, հուլիս և սեպտեմբեր ամիսներին Շվեյցարիայում մասնակցելով տարբեր կոնֆերանսների ժխտել էր 1915թ․-ին և դրանից հետո Օսմանյան կայսրության կողմից հայերի նկատմամբ իրականացված ցեղասպանության պատմական փաստը, իր ելույթներում Հայոց Ցեղասպանությունն անվանելով «միջազգային սուտ»:

Լոզանի դատարանը 2007թ.- ի մարտի 9-ին մեղավոր էր ճանաչել Փերինչեքին «ռասայական խտրականություն սերմանելու համար» (Շվեյցարիայի Քրեական օրենսգրքի 261 հոդված)։ Շվեյցարիայի Վո կանտոնի և ապա Դաշնային գերագույն դատարանները անփոփոխ էին թողել Լոզանի դատարանի վճիռը՝ Հայոց ցեղասպանությունը ժխտելու համար Փերինչեքին ենթարկելով ֆինանսական և քրեական պատասխանատվության:
Թուրք գործչի հայցով գործը տեղափոխվել էր եվրոպական դատարան։ 2013թ դեկտեմբերի 17-ին ՄԻԵԴ-ը վճռել էր, որ Փերինչեքի նկատմամբ վճռով Շվեյցարիան խախտել է նրա խոսքի ազատությունը, քանի որ նման սահմանափակումը չի ունեցել «հրատապ սոցիալական նշանակություն» և անհրաժեշտ չի եղել ժողովրդավարական հասարակությունում 1915թ ցեղասպանության զոհերի ժառանգների պատիվը և արժանապատվությունը պաշտպանելու համար:

Հատկանշական է, որ Շվեյցարիայում իր տխրահռչակ հայտարարություններից հետո Փերինչեքը մեկ տարի անց ձերբակալվել էր Թուրքիայում և 2008 թ-ի մարտից մինչ 2014 թ.-ի մարտը բանտում անցկացրել Թուրքիայում ծրագրված հեղափոխության փորձին մասնակելու մեղադրանքով, այնուհետև ազատ արձակվել Էրգենեկոնի գործով անցնող այլ անդամների հետ։

Հետևեք մեզ նաև Telegram-ում