Աշոտ Հարությունյանը ներկայացրեց Հայաստանում տավարաբուծության զարգացման ծրագրի արդյունքները

ՀՀ գյուղատնտեսության փոխնախարար Աշոտ Հարությունյանն Ազգային ժողովում ներկայացրեց զեկույց «Հայաստանում 2007-2015 թթ. տավարաբուծության զարգացման ծրագրի» վերաբերյալ:

Խորհրդարանում «Տավարաբուծության զարգացման ծրագիրը գործողության մեջ» թեմայով խորհրդարանական լսումների ժամանակ փոխնախարարն ընդգծեց, որ ծրագիրը նպատակաուղղված է հանրապետությունում տոհմային տավարաբուծության զարգացմանը, կաթի և մսի արտադրության ծավալների ավելացմանը, տոհմասելեկցիոն աշխատանքների բարելավման միջոցով տոհմային մատղաշների աճեցմանը: «Հայաստանում տավարաբուծության զարգացման ծրագիրը կատարվել է Ճապոնիայի կառավարության աջակցությամբ իրականացվող «Դրամաշնորհային աջակցություն սակավ ապահով ֆերմերներին» ծրագրի միջոցների հաշվին: Տոհմային երինջների ներկրումն իրականացվել է Հայաստանի կառավարության 2015 թ. մայիսի 5-ի որոշմամբ: Ծրագրով նախատեսված էր հանրապետություն ներկրել շուրջ 12 հազար 110 գլուխ տոհմային երինջ և առաջիկա տարիներին հանրապետությունում տավարի գլխաքանակը հասցնել 800-850 հազարի»,– «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ մանրամասնեց Աշոտ Հարությունյանը:

Նա հավելեց, որ 2007 թ. սկսած մինչև 2016 թ. օգոստոսի 1-ը Ավստրիայից, Չեխիայից, Լիտվայից և Գերմանիայից ներկրվել են 2500 գլուխ տոհմային բարձրարժեք երինջներ, որոնք կազմում են ծրագրով նախատեսված գլխաքանակի շուրջ 21 տոկոսը: Այդ երինջները տարաժամկետ վճարման պայմանով հատկացվել են 72 տնտեսավարողի: Մեկ գլխի միջին արժեքը կազմել է 2100-2300 եվրո: «Ներկրված տոհմային երինջների բազայի վրա հանրապետությունում ձևավորվել են նոր տոհմային տնտեսություններ, որտեղ սեփական վերարտադրության հաշվին ստացված և աճեցված տոհմային կենդանիները վաճառվում են ինչպես հանրապետության գյուղացիական տնտեսություններին, այնպես էլ հանրապետությունից դուրս: Ծրագրից ակնկալվող արդյունքին հասնելու համար նախատեսված էր դրա շրջանակում իրականացնել լայնածավալ տոհմասելեկցիոն աշխատանքներ, նախատեսված էր ներկրել տոհմային ցեղատեսակների ցլերի բարձրարժեք սերմնահեղուկ, ինչպես նաև 2010 թ. սկսած իրականացնել արհեստական սերմնավորման միջոցառումներ՝ գործընթացում ընդգրկելով 80-90 հազար կով»,- նշեց փոխնախարարը:

Աշոտ Հարությունյանն ընդգծեց, որ 2008-2009 թթ. Ավստրիայից ներմուծված տոհմային երինջների խմբաքանակի հետ հանրապետություն են ներկրվել նաև 3 հազար չափաբաժին սերմնահեղուկ և 11 արհեստական սերմնավորման գործիք, որոնք անհատույց հատկացվել են տնտեսավարողներին: Նրա խոսքով՝ ծրագրի շրջանակում անհրաժեշտ քայլերն ավելի լավ կատարել են խոշոր կազմակերպությունները, իսկ փոքր կազմակերպությունները հիմնականում խախտել են կարևոր պահանջները՝ չեն կատարել անասնագլխաքանակի հաշվառում, պատշաճ կերպով չեն ապահովել բարձր մթերատվություն ունեցող կենդանիների կերակրման աշխատանքները: «2014 թ. Հայաստանի առաջին անգամ իրականացվել է տոհմային կենդանիների արտահանում՝ շուրջ 200 գլուխ տոհմային կենդանի արտահանվել է Վրաստան»,- եզրափակեց Աշոտ Հարությունյանը:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում