Վիկտոր Դալլաքյանը երկրորդ անգամ իրեն դնում է անորսալի Ջոյի կարգավիճակում

Այսօր հնգամյակը մեկ ընդդիմադիր համարվող Վիկտոր Դալլաքյանը հարցազրույց է տվել և ոչ ավել, ոչ պակաս հայտարարել, որ Սերժ Սարգսյանը սարսափում էր իր ասուլիսից: Բացի դրանից նա անխնա քննադատել է իշխանություններին, համարելով, որ այս իշխանությունների վերարտադրությունը կործանարար է լինելու Հայաստանի համար:

Այն, որ Սերժ Սարգսյանը սարսափում է Դալլաքյանից այնքան զավեշտալի է, որ դրան նույնիսկ անդրադառնալ չարժե: Վիկտոր Դալլաքյանն այդ հայտարարությամբ երկրորդ անգամ իրեն դնում է անորսալի Ջոյի կարգավիճակում: Ինչ վերաբերում է քննադատություններին…

Մեզ մոտ կա մի արատավոր երևույթ, երբ այս կամ այն տրամաչափի պաշտոնյան երկրում առկա պրոբլեմներին ականատես է լինում կամ ընտրություններից անմիջապես առաջ, կամ պաշտոնաթողությունից հետո: Միայն այն տարբերությամբ, որ եթե ընտրություններից առաջ նույնիսկ իշխանությունն է վերածվում ժամանակավոր ընդդիմության, պաշտոնաթողությունից հետո իշխանազրկված անձը այլևս ընդդիմության կարգավիճակից դուրս չի գալիս: Եվ երբ այդ ընդդիմափոխված անձը սկսում է քննադատել իշխանություններին, ապա այդ քայլով նա ոչ թե խարխլում է իշխանության հիմքերը, այլ ուղղակիորեն վիրավորանք է հասցնում ընտրողներին, այսինքն հասարակությանը:

Նրան թվում է, իբր հանրության հիշողությունն այնքան կարճ է, որ պահի տակ կարող է մոռանալ, որ սույն բանախոսը դեռ մեկ ամիս առաջ կրում էր իշխանական պատմուճանը: Մեզ մոտ չկա որևէ խնդիր, որն առաջացած լինի մեկ օրում կամ գոնե մեկ ամսում: Ցանկացած պրոբլեմ ունի խորքային պատճառներ ու տարիների կենսագրություն: Եթե մարդը տարիներով տառապել է հավկուրությամբ, ապա նրա հանկարծահաս պայծառատեսությունը վստահություն չի ներշնչում, քանի որ չկա որևէ երաշխիք, որ ընտրություններից անմիջապես հետո կրկին սույն պարոնին չի պատի անթափանց խավարը:

Բացի այդ կան անձիք ովքեր իրենց քաղաքական կշռով պետք չեն ոչ իշխանությանը, ոչ էլ ընդդիմությանը: Սակայն մի բանում նրանք ունակ են: Ինչպես Սերգեյ Դանիելյանի անհարմար անվանումով կուսակցությունը, այդպես էլ որոշ մարդիկ իրենց քննադատությամբ կամ գովեստով ունակ են հերթական անլրջությունը հաղորդել ընտրական գործընթացներին:

Իհարկե կարող ենք մտածել, որ Դալլաքյանը գործուղվել է ընդդիմադիր դաշտ ձայներ փախցնելու համար, բայց նույնիսկ ամենավառ երևակայության դեպքում դժվար է պատկերացնել, որ սույն անձը ի զորու է գոնե 100 ձայն հավաքել: Եթե Արթուր Բաղդասարյանի դեպքում այս քայլը որոշակի արդյունք տալիս է, ապա Դալլաքյանի դեպքում ուղղակի զավեշտ է:

Հեռու եմ նաև այն մտքից, որ որոշ օտարերկրյա շահագռգիռ ուժեր կարող են լուրջ դրույթներ կատարել Դալլաքյանի հնարավոր հաջողության վրա, քանի որ դա կլինի գումարների անիմաստ վատնում:

Սակայն այս ամենով հանդերձ, անարդարացի կլիներ Դալլաքյանին օտարել քաղաքական համակարգից և ուղարկել վաստակած հանգստի, քանի որ առաջիկա քարոզարշավի ժամանակահատվածում բոլորս ականջալուր ենք լինելու տարատեսակ ազգափրկիչ ծրագրերի: Նման ծանրաբեռնված ունկնդրության ռեժիմի պայմաններում ցանկալի կլինի մեկը, ով բոլորիս կզվարճացնի դետեկտիվ ժանրի պատմություններով, ինչպես կրկեսում է ծաղրածուն ուրախացնում հանդիսատեսներին վտանգավոր համարների ընդմիջումներին:

Կարեն ԿԱՐԱՊԵՏՅԱՆ

Հետևեք մեզ նաև Telegram-ում