Ճգնաժամում հայտնված Ադրբեջանը շարունակում է պետական օբյեկտների մասնավորեցումը

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը երկիրը խորը ճգնաժամից փրկելու հույսով նախորդ տարվանից համատարած կերպով երկրի պետական հաստատությունները մասնավորին վաճառելու գործընթաց է սկսել:

Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է ադրբեջանական azadliq.info լրատվական գործակալությունը:

Ադրբեջանի պետական գույքի կոմիտեի կողմից 2017 թվականի հունվարի 17-ին կանցկացվի նոր աճուրդ, որի ժամանակ մասնավորեցման կներկայացվեն 72 պետական հաստատություններ եւ գույքեր, որոնցից 20-ը բաժնետիրական ընկերություններ են, 30-ը` ոչ բնակելի տարածքներ:

Այս անգամ աճուրդի է ներկայացվել ընդհանուր առմամբ 1 մլն 85 հազար մանաթի պետական գույք:

Նավթի եւ մանաթի էժանացման պատճառով խորը տնտեսական ճգնաժամում հայտնված Ադրբեջանը, որի թիվ մեկ խնդիրը «Շահդենիզ-2» գազային հանքահորից գազը Թուրքիայի վրայով Եվրոպա արտահանելու «Հարավային միջանցք» գազային նախագծի իրականացումն է, պետք է մոտ 8 մլրդ դոլարի ներդրում կատարի նախագծում, սակայն չի կարողանում վարկեր ստանալ միջազգային ֆինանսական կազմակերպություններից:

Ադրբեջանի 2017-ի պետական բյուջեի նախագծի համաձայն` բյուջեն նախատեսվում է 16,255 միլիարդ մանաթի չափով, որի 15 մլրդ 634 մլն 706 հազար մանաթը կազմելու են կենտրոնացված եկամուտները, իսկ 620,294 հազարը` տեղական եկամուտները: Բյուջեի ծախսերը նախատեսվում են 16,9 մլրդ մանաթի չափով, որի 16 մլրդ 211 մլն 286 հազար մանաթը կազմում են կենտրոնացված եկամուտները, իսկ 688 714 հազարը` տեղական եկամուտները:

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը ելքեր է փնտրում խորը ճգնաժամի մեջ հայտնված երկրի բյուջեն փրկելու համար, որոնցից մեկն էլ հանդիսանում է պետական գույքի համատարած մասնավորեցումը:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում