Ադրբեջանում դոլարն հատել է 1.9 մանաթի սահմանը

Ադրբեջանում, չնայած պետական մարմինների կողմից սեւ շուկայի դեմ տարվող պայքարին, դոլարի առքուվաճառքը շարունակվում է:

Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է ադրբեջանական azadliq.info լրատվական գործակալությունը:

Ադրբեջանի սեւ շուկայում դոլարի փոխարժեքը շարունակում է ռեկորդային սահմանաչափերի հասնել:

Սեւ շուկայում դոլարի առքը հասել է 1,90 մանաթի, վաճառքը` 1,92 մանաթի, իսկ պաշտոնական փոխարժեքը 1,7525 մանաթ է, այսինքն` պաշտոնական փոխարժեքի եւ սեւ շուկայում գործող փոխարժեքի միջեւ կա մոտ 10 տոկոսի տարբերություն:

Վերջին մեկ ամսվա ընթացքում ադրբեջանական մանաթի պաշտոնական փոխարժեքը նվազել է 10 տոկոսով: 2016 թվականի հոկտեմբերի 19-ի դրությամբ դոլար-մանաթ պաշտոնական փոխարժեքը կազմել է 1,5969 մանաթ:

Ադրբեջանցի փորձագետ Ռամին Ռահիմովն անդրադառնալով մանաթի փոխարժեքին, հայտարարել էր, որ դոլարի ռեալ արժեքը ներկայում 2 մանաթից ավելի է: Նրա խոսքով՝ լիակատար «լողացող փոխարժեքի» ժամանակաշրջանում մանաթի ճակատագիրը կախված է լինելու հիմնականում նավթի գնից, այսինքն՝ OPEK-ի հետագա քաղաքականությունից, ինչի վրա Ադրբեջանի ազդեցության աստիճանը զրոյական է:

Հետևեք մեզ նաև Telegram-ում