ՌԴ-ն ընթացիկ տարում վաճառել է 14 մլրդ դոլարի զենք և ռազմական տեխնիկա

Ռուսաստանը 2016 թվականին վաճառել է մոտավորապես 14 մլն դոլարի զենք և ռազմական տեխնիկա: Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով TASS-ը, այդ մասին տեղեկացրել է ՌԴ նախագահի ռազմատեխնիկական հարցերով օգնական Վլադիմիր Կոժինը:

«Արտահանման ծավալը կազմում է գրեթե 14 մլրդ դոլար, սակայն տարին դեռևս չի ավարտվել, ընթացքի մեջ է խոշոր պայմանագրերի իրականացումը»,- ասել է Կոժինը:

Նրա խոսքով` 2016-ը Ռուսաստանի համար ռազմատեխնիկական համագործակցության առումով հաջողված է: Նաև Կոժինն ընդգծել է, որ 2017-ին չարժե սպասել Ռուսաստանի նկատմամբ պատժամիջոցների վերացման:

«Եթե խոսենք գալիք տարվա մասին, ապա մենք չպետք է սպասենք, որ բոլոր պատժամիջոցները կվերանան հունվարի մեկից և մենք կսկսենք աշխատել նպաստավոր պայմաններում»,- հայտարարել է նա:

Ավելի վաղ ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևը հայտարարել էր, որ Ռուսաստանում զինտեխնիկայի արտահանումն ապագայում կարող է հասնել 20 մլրդ դոլարի:

Հետևեք մեզ նաև Telegram-ում